Հուլիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ հուլիսի 9-ի ժամը 23.00-ից հուլիսի 10-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ավանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բակում կայանված իր «Յամահա» մոտոցիկլը՝ պատճառելով 800 000 դրամի վնաս:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են 26-ամյա, 20-ամյա և 27-ամյա երեք երիտասարդներ:
Հետագա միջոցառումների արդյունքում 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Ավանի բաժանմունք:
Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 17-ին 26-ամյա և 20-ամյա երիտասարդները ներկայացել են ոստիկանության Նոր Նորքի բաժին և ներկայացրել գողոնը:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: