Արդեն մի քանի օր է, Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը ծավալվում է նաև Հայաստանի Հանրապետությունում։
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կազմակերպվեցին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ, որոնց ընթացքում նամակներ հանձնվեցին ՄԱԿ-ի գրասենյակի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և դեսպանատների ներկայացուցիչներին:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ի աջակցություն Արցախի՝ ակցիայի մասնակցիները վաղը կփոխեն իրենց ծրագիրը։Մեր տեղեկություններով՝ նրանք որոշում են կայացրել վաղը երեկոյան անժամկետ նստացույց սկսել Մյասնիկյանի արձանի մոտ և վրաններ տեղադրել։
ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։
-Պարո՛ն Գալստյան, Արցախում ի՞նչպես է ընթանում Համաժողովրդական շարժումը և ի՞նչ ակնկալիքներ ունեք շարժումից:
-Ես այդ շարժումը ավելի շատ կորակեի իշխանական շարժում, ոչ թե համաժողովրդական: Դա Արցախի իշխանությունների կազմակերպածն է, որը միտված է պայքարի իմիտացիա ստեղծելուն: Իսկ իրականում մենք տեսնում ենք, որ իրական մեղավորների անունները չեն նշվում, թե ում կատարած քայլերի պատճառով ենք այս իրավիճակում գտնվում: Իմ խորհին համոզմամբ, մինչև չհնչեցվի մեղավորների անունները, ապա մեր որևէ շարժումը արդյունք չի ունենա:
-Իսկ ո՞վքեր են իրական մեղավորները, դուք ո՞ւմ նկատի ունեք։
-Բլոկադայի մեջ հայտնվելու իրական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է իր «բունտայով», իսկ այսօրվա պարենային պակասուրդի, սովի մատնվելու մեղավորն է Արայիկ Հարությունյանն իր իշխանությունների հետ միասին:
-Այսինքն, դուք նկատի ունեք, որ այս շարժումը որևէ արդյունք չի՞ ունենա։
-Քանի որ տեսնում ենք, որ այս շարժման մասնակիցներն իրական խնդիրներից ու պատճառներից չեն խոսում, այլ ընդամնեը ասում են, որ մենք պատրաստակամ ենք, պարզ է, որ Արցախում բոլորն էլ պատրաստակամ են: Մենք տեսնում ենք, որ իրական պատճառները անտեսվում են, որի պատճառով մենք հայտնվեցինք այս վիճակում, Հայաստանի իշխանությունները փորձեցին հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին՝ ասելով, որ Արցախը դա ադրբեջանական տարածք է, և դրանից հետո Ադրբեջանը թույլ տվեց իրեն նման քայլեր իր տարածքում՝ Հայաստանի կողմից ճանաչված: Եվ Արցախի կողմից համապատասխան ընդդիմություն չեղավ դեմ արտահայտվելու այդ արտահայտությանը, այլ ընդամենը կոչեր, դատապարտողական արտահայտություններ, թե մենք հավատարիմ ենք մեր ինքնորոշմանը: Մարդ չեղավ, որ Նիկոլ Փաշինյանին կոնկրետ ասեն, որ նա, խախտելով Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի որոշումը, այն է, որ ՀՀ-ն չպետք է որևէ ներքին կամ արտաքին փաստաթուղթ ստորագրի, որով կճանաչվի Արցախը Ադրբեջանի մաս, իրավունք չունի նման արտահայտություն անելու, և որ դա հակասահմանադրական է:
Իմ կարծիքով, մինչև կոնկրետ մեղավորները չնշվեն, շարժումը ոչ մի արդյունք չի ունենա, միազգային հանրությունն էլ հակադարձ փաստարկներ կբերի մեր դեմ, որ ընդհուպ Հայաստանի Հանրապետությունն է ասում, որ Արցախն Ադրբեջան է, և եթե Հայաստանը հայկական շահը չի պաշտպանում, ապա մենք ինչ շահ պետք է ունենաք այդ երկրի ղեկավարներից:
-Պարո՛ն Գալստյան, Հայաստանում ևս ի աջակցություն Արցախի ակցիաներ են սկսվել, վաղվանից նաև նստացույց է լինելու, վրաններ են տեղադրվելու, այս մասով ի՞նչ կարծիք ունեք, սրանք որևէ կերպ աջակցո՞ւմ են Արցախին:
-Նույն իրավիճակը Հայաստանում է: Ոչ ճիշտ քաղաքականություն վարելու արդյունքում մենք հայտնվել ենք այս իրավիճակում, և իշխանության կողմից կամակերպված հանրահավաքները կամ ակցիաները փորձում են մեզ համոզել, որ սա քաղաքական չէ, այլ ժողովրդական: Բայց այս իրավիճակը ինչ որ անձի սխալ քաղաքականության արդյունք է, ինչպես կարող են այս ակցիաները քաղաքական չլինել:
Մաշա Մելքոնյան