Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի 2023 թ.» փուլը: Հուլիսի 3-ից 18 երկրի 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվում է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի եւ գրականության դասավանդում», «Հայոց պատմություն եւ մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»:
«Ծրագրի հիմնական խնդիրը կրթադաստիարակչական եւ մանկավարժական մեթոդների միասնական մոտեցում ունենալն ու սփյուռքին մեկ աղբյուրից սնելն է: Մեր նպատակն է Հայաստանում ձեռք բերված մանկավարժական գիտելիքը, մեթոդիկան, կիրառելի գործիքները փոխանցել նաեւ սփյուռքում աշխատող մեր գործընկերներին»,- նշել է ԿԳՄՍՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը:
Վերապատրաստման ծրագրին այս տարի դիմել է 167 ուսուցիչ, որոնցից ընտրվել է 60-ը՝ տարբեր սկզբունքներով: Կարեն Մնացականյանի տեղեկացմամբ՝ ամենաշատ դիմողներ եղել են Ռուսաստանի Դաշնությունից՝ պայմանավորված հայ համայնքի մեծությամբ. «Շուրջ 60 հոգի դիմել է միայն Ռուսաստանից: Այս տարի մեզ զարմացրեց Հնդկաստանի հայ համայնքը, որը թեեւ փոքր է, բայց մեծ հետաքրքրության եւ ակտիվ գործունեության արդյունքում եւս դիմել է ծրագրին եւ ընտրվել»:
Դիմողների ընտրության սկզբունքներից են մասնագիտական աշխատանքային փորձի առկայությունը, ինչպես նաեւ ԿԳՄՍՆ վերապատրաստման ծրագրերում վերջին 3 տարի ընդգրկված չլինելու հանգամանքը:
Մասնագիտությամբ շինարար-ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Պողոսյանն էլ եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջա նահանգի Ատլանտա քաղաքից՝ մասնակցելու ծրագրի «Տնօրենների վերապատրաստում» դասընթացին՝ որպես հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն: «Դպրոցը ստեղծվել է 2021 թ. սեպտեմբերի 12-ին: Այս պահին դասավանդում ենք հայոց լեզու՝ գրել, կարդալ, պատմություն եւ երգ: Պլանավորում ենք ավելացնել նաեւ պարը»,- ասում է Ատլանտայի հայկական դպրոցի տնօրենը: Դպրոց այս պահին հաճախում է 4-14 տարեկան 25 աշակերտ՝ 3-խմբով, որոնց դասավանդում է 4 ուսուցիչ: Համայնքը փոքր է, բայց զարգացող, եւ հույս ունենք՝ թիվը կմեծանա»,- ասում է Արմեն Պողոսյանը:
Փաստելով, որ ոչ միայն ծնողները, այլեւ հենց երեխաներն են շահագրգռված հաճախել դպրոց՝ նա հիշում է. «Կային երեխաներ, որոնք այլեւս չէին գալու դպրոց, որովհետեւ ծնողը ծանրաբեռնված էր եւ չէր հասցնում: Այդուհանդերձ, երեխաները պարտադրեցին ծնողներին չընդհատել իրենց ուսումը եւ շարունակեցին հաճախել դպրոց»: Ատլանտայի հայկական մեկօրյա դպրոցում տարվա ընթացքում առնվազն 2 միջոցառում է կազմակերպվում, որին հրավիրվում եւ մասնակցում են նաեւ դպրոց չհաճախող հայ երեխաները, ինչը ոգեւորում է նրանց՝ սովորելու հայերեն: Վերապատրաստման նպատակով Հայաստան է ժամանել ոչ միայն տնօրենը, այլեւ ուսուցիչներից մեկը «Ուսուցում մեկօրյա դպրոցում» դասընթացին մասնակցելու նպատակով:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում, բացի բուն դասընթացներից, մանկավարժների համար կազմակերպվում են այցեր պատմամշակութային վայրեր եւ մշակութային օջախներ:
Նշենք, որ վերապատրաստման ծրագիրը կտեւի մինչեւ հուլիսի 28-ը:
ՈՌՈԳՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Երեւանում 2023 թվականին 40 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Շուրջ 24 կմ-ն արդեն պատրաստ է։ Այս մասին «ժողովուրդ» օրաթերթին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
«25 կմ-ն անցկացվում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից, 16.3 կմ-ը՝ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության ուժերով: Նախատեսված է նաեւ նոր ջրագծերի անցկացում դեպի Աջափնյակ եւ Դավթաշեն»,-նշել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Գործող ջրագծերի մեծ մասը վթարված է, ջուրը հասցեներ չի հասնում: Ոռոգման նոր համակարգեր են անցկացվում զբոսայգիներում, փողոցների ու ճանապարհների հարակից հատվածներում: Բակերի բարեկարգմանը զուգահեռ՝ ոռոգման ջուրը դրանց կհասնի խողովակներով:
«Բակային տարածքների մոտ 90 տոկոսում ոռոգման համակարգ առհասարակ գոյություն չունի»,-ասել է Բեգոյանը:
Մետաղական հնամաշ ու վթարված խողովակները փոխարինվում են, տեղադրվում է նոր՝ անձրեւացնող համակարգ: Սա խոտածածկ ստեղծելու լավագույն տարբերակն է: Որոշ հատվածներում կլինի նաեւ կաթիլային ոռոգում:
«70 տարվա խողովակներ էին, մշտապես վթարվում էին»,- նշել են ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
«Տեղադրվում են նոր պոլիէթիլենային խողովակներ, իսկ այն հատվածներում, որտեղ հատում են փողոցները, դրանք երկաթյա խողովակների միջով ենք անցկացնում, որը երկարեցնում է պոլիէթիլենայինների շահագործման ժամկետը:
Միաժամանակ, վերանորոգվում ու կառուցվում են պոմպակայաններ՝ անխափան ջրամատակարարում ապահովելու նպատակով:
Ոռոգման նոր համակարգերը հնարավորություն կտան վերականգնելու նախկին կանաչապատ տարածքները, նաեւ այդպիսի նոր գոտիներ հիմնելու հնարավորություն են: Քաղաքի կանաչ զանգվածն այս տարի կավելանա շուրջ 20 հա-ով, ինչը կարեւոր է նաեւ քաղաքի բնապահպանական խնդիրները լուծելու տեսակետից:
«Ոռոգման համակարգը կանաչապատման առաջնային պայմանն է: Մենք հենց հիմա էլ կարող ենք հազարավոր ծառեր տնկել Երեւանում, բայց մեզ մոտ այլեւս ոչ մի թուփ չի տնկվում, քանի դեռ լուծված չէ ոռոգման խնդիրը»,-շեշտել է Արմեն Բեգոյանը:
2024 թվականին «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մտադիր է ոռոգման համակարգերն ընդլայնել ավելի մեծ ծավալով:
ԲՈՂՈՔ՝ ՏՆՕՐԵՆԻՑ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՑ
Դիլիջան խոշոր համայնքի Հաղարծին գյուղի 8-րդ փողոցի 3-րդ նրբանցքի բնակչոււհի, բարձրագույն կրթությամբ Ասպրամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, ում շնորհիվ լուծվեց այդ թաղամասի կոյուղատարի ջրահեռացման խողովակաշարի կառուցման խնդիրը, որը բազում տարիներ՝ Դիլիջանի նախորդ համայնքապետերի պաշտոնավարման օրոք, չէր լուծվում։ Սակայն բնակուհին դժգոհ է Դիլիջան համայնքի աղբահանությունն իրականացնող հիմնարկության տնօրեն Անուշավան Փիլոյանից։ Ասպրամ Հարությունյանը բողոքում է, որ աղբարկղը տեղադրել են հենց իր տան դարպասի առաջ՝ ասելով, որ մի քանի հաղարծնեցիներ այդպես են ցանկանում, այդպես այդ բնակիչներին հարմար է: Ասպրամ Հարությունյանն ասում է, որ մի քանի բնակիչների ցանկությունը չի կարող իրականացվել՝ իր իրավունքի խախտման հաշվին, որ գոյություն ունի ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 25 որոշումը, որով հստակ կանոնակարգված է, որ աղբահանություն իրականացնող ցանկացած կազմակերպություն պարտավոր է պահպանել աղբարկղի տեղադրման՝ բնակելի տնից որոշակի հեռավորության վրա գտնվելու վերաբերյալ օրենքով սահմանված նորմերը։
Ասպրամ Հարությունյանն այս խնդրի կապակցությամբ արդեն բողոքել է Տավուշի մարզպետարան, մտադիր է բողոքել ոստիկանություն, նաեւ՝ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմի հյուսիսային տարածքային կենտրոնի պետին։ Ա. Հարությունյանը փաստարկված դժգոհություններ ունի նաեւ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Եփրեմ Գալստյանից, որին նա մեղադրում է օրենքը խտրական, կամայական ձեւով կիրառելու համար։
Ըստ բնակչուհու՝ Եփրեմ Գալստյանը Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի փեսա է, Դիլիջանի ոստիկանապետի շատ գործողություններ կամ ծառայողական անգործությունը պայմանավորված են այդ հանգամանքով։ Ասպրամի խոսքերով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատողները չնախատեսված վայրերում ծխողներին տուգանում են, իսկ երբ առաջին խմբի հաշմանդամի բաժանորդային հաշվիչից նրա հարեւանը էլեկտրական հոսանք է գողացել, երբ ապօրինի անտառահատողը հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Դիլիջանի ազգային պարկի տարածքից մոտ մեկ մետր տրամագծով թաց կանգուն ծառեր է հատել, տեղափոխել իր տան բակ, դիլիջանցի ոստիկանները, այս ամենը տեսնելով, միջոցներ չեն ձեռնարկել ակնհայտ ապօրինությունների դեմ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ