Armenian text to speach

Լիբանանը մեղադրում է Իսրայելին՝ օդային հարվածի հետևանքով սպանված լրագրողին թիրախավորելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը Իսրայելին մեղադրել է պատերազմական հանցագործությունների մեջ այն բանից հետո, երբ երկրի հարավում տեղի ունեցած իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է մեկ լրագրող, իսկ մյուսը՝ վիրավորվել։

Հարվածի հետևանքով զոհվել է լիբանանյան «Al-Akhbar» թերթի լրագրող Ամալ Խալիլը, իսկ ֆոտոլրագրող Զեյնաբ Ֆարաջը ստացել է վնասվածքներ։

Լիբանանյան իշխանությունների տվյալներով՝ լրագրողները թիրախավորվել են այն պահին, երբ նախնական հարվածից հետո փորձում էին ապաստան գտնել բնակելի տանը։ Ավելի վաղ նույն հարվածի հետևանքով զոհվել էր նաև երկու տղամարդ, որոնց անունները չեն հրապարակվել։

Պաշտոնական Բեյրութը նաև հայտարարել է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել և կիրառել են պայթուցիկ սարքավորումներ նաև Կարմիր խաչի հստակ նշանով շտապօգնության մեքենայի ուղղությամբ, որը փորձում էր հասնել վիրավորներին՝ խոչընդոտելով փրկարարական աշխատանքները։

Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ սա հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում՝ ինչպես փրկարարների աշխատանքը խոչընդոտելու, այնպես էլ լրագրողների գտնվելու վայրի կրկնակի թիրախավորման պատճառով։

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) իր հերթին հերքել է լրագրողներին թիրախավորելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր գործողություններն ուղղված են եղել «Հեզբոլլահի կողմից օգտագործվող ռազմական օբյեկտի» դեմ և իրականացվել են իրենց ուժերի անվտանգության ապահովման նպատակով։ Իսրայելը նաև նշել է, որ լրագրողների ուղղությամբ կանխամտածված հարձակում չի եղել։

Միջազգային լրագրողական կազմակերպությունները, այդ թվում՝ «Լրագրողներին պաշտպանելու կոմիտեն» (CPJ), խիստ մտահոգություն են հայտնել դեպքի կապակցությամբ՝ այն որակելով միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտում։

Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է այս դեպքը ներկայացնել միջազգային իրավական կառույցներին՝ պատասխանատվության հարց բարձրացնելու նպատակով։

Անի Վարդանյան




Լրահոս