ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյի հրավերով հուլիսի 28-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի առցանց նիստ՝ քննարկելու Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքների լայն համատեքստը։

Մասնավորապես՝ քննարկվել են տարբեր աշխարհամասերում միջազգային կազմակերպություններում և առանձին երկրներում հայության շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Խաչատուրյանը կարևորել է դժվարին այս օրերին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների ակտիվության պահպանումը մի քանի ուղղություններով՝ մասնավորապես Արցախի շուրջ արտաքին զորակցության ապահովում, հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ տեղեկատվության ապահովում և ադրբեջանական քարոզչական սադրանքների հակազդում, Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապաշրջափակում և Արցախին միջազգային հումանիտար օժանդակություն, Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժգնացում, Ադրբեջանի և դրա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառում։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի անդամները, յուրաքանչյուրն իր մասով, նախ ներկայացրել է հանձնախմբերի ու գրասենյակների կողմից ինչպես ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ առաջիկա աշխատանքները, ապա անդրադարձ է կատարվել հայկական պետությունների շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող ներքին ու արտաքին զարգացումներին և դրանց հաղթահարման մարտավարությանը:

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը Հայ դատի համաշխարհային կառույցի աշխատանքները համադրող մարմին է։ Կենտրոնական խորհուրդը բաղկացած է Կենտրոնական խորհրդի նախագահից, ՀՅԴ Բյուրոյի մի շարք անդամներից, Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների պատասխանատուներից, Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցչից, Հայ դատի երախտավորներից, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի և Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներից։ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանն է:




Լրահոս