Երեք անձինք վարձատրության դիմաց «Տե­լեգ­րամ»-ի միջոցով թմրամիջոցներ են տեղադրել Վանաձորի տարբեր հատվածներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տե­լեգ­րամ» սո­ցիա­լա­կան ցան­ցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:

Մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տե­լեգ­րամ» սո­ցիա­լա­կան ցան­ցի համապատասխան ալիքի էջում ծա­նո­թա­նա­լով թմրամիջոց ձեռք բե­րո­ղի հա­մար թմրա­մի­ջոց­ներ թաքց­նո­ղի աշ­խա­տան­քի հայ­տա­րա­րութ­յա­նը, նշված ա­լի­քը վա­րող, ինքնությունը դեռևս չպարզված ան­ձի հետ ձեռք է բե­րել հան­ցա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Ըստ այդմ՝ երիտասարդը, թաքց­ված զգա­լի չա­փե­րով՝ ընդ­հա­նուր 3,41 գրամ հաս­տա­տուն քա­շով «Մա­րի­խո­ւա­նա» տե­սա­կի թմրա­մի­ջոց­ը՝ 8 փա­թեթ­նե­րով, և մանր չափ չհանդիսացող 0,31 գրամ հաստատուն քաշով տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոցը՝ 1 փաթեթով, դրա­մա­կան վար­ձատ­րութ­յուն ստա­նա­լու նպա­տա­կով, թաքս­տո­ցից վերց­րել ու դրանցից 3-ը պա­հել է Վա­նա­ձոր քա­ղա­քի տար­բեր հատ­ված­նե­րում: Մնացած փա­թեթ­նե­րը չի հասց­րել տե­ղա­վո­րել թաքս­տոց­նե­րում, քա­նի որ հանցանքը կատարելիս նույն օ­րը ձեր­բա­կալ­վել է: Անձ­նա­կան խու­զար­կութ­յամբ նրա մոտից հայտ­նա­բեր­վել ու վերց­վել է դեռևս չթաքց­ված 6 փա­թե­թ:

Նշված երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Մյուս քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ 2023թ․ մարտին 28-ամյա երիտասարդը, մորաքրոջ որդու հետ, թմրամիջոց ապօրինի իրացնելու նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհից, «Տելեգրամ» սոցիալական կայքով գրանցված ալիքի օգտատիրոջից ապօրինի ձեռք են բերել «Մարիխունա» տեսակի թմրամիջոց և իր կողմից շահագործվող ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաք, տեղադրել քաղաքի տարբեր փողոցներում, լուսանկարել դրանք և «Տելեգրամ» սոցիալական կայքով ուղարկել նշված օգտատիրոջը։ Դրանից հետո տեղադրված փաթեթների համար նրանց բանկային հաշվեհամարին փոխանցվել է յուրաքանչյուր փաթեթի հաշվակով նախապես պայմանավորված ընդհանուր գումարը, որը եղբայրները կանխիկացրել են և հավասարապես բաժանել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը 18 տարեկանից օգտագործում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ գնելով «Տելեգրամ» կայքից, ավելին՝ ինքը ևս գրանցված է այդ կայքում՝ կեղծանվամբ։

Դեպքից մոտ մեկ ամիս առաջ «Տելեգրամ» հավելվածում տեսել է այլ անվամբ գրանցված կայքը, որի օգտատիրոջ հետ պայմանավորվել է կայքի միջոցով նրանից գնել և Վանաձոր քաղաքի տարբեր վայրերում տեղադրել թմրամիջոցի չափաբաժիններ՝ տեղադրված և նկարված յուրաքանչյուր փաթեթի համար վճարի դիմաց։

28-ամյա երիտասարդը որոշել է այդ գործընթացում ներգրավել նաև 23-ամյա եղբորը, ինչին վերջինս համաձայնել է։ Վերջիններս 2023թ․ մարտի 29-ին որոշել են թմրանյութ օգտագործել, որի նպատակով գնացել են Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկը, վերցրել են իրենց կողմից տեղադրված փաթեթներից երկուսը, սակայն հանցանքի պահին ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են։

Երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական նշված վարույթներով երեք երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ողւարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված, ինքնությունը չպարզված վերոհիշյալ օգտատերերի, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն կրկին հանրությանը, հատկապես՝ դեռահասներին և երիտասարդներին, զգուշացնում է, որ ապօրինի թմրամիջոցների առցանց վաճառքով զբաղվող անձանց կողմից թմրամիջոցներ ձեռք բերելը և ֆինանսական վարձատրության դիմաց այլ վայրերում տեղադրելը շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս ծանր հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից և անխոսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից։




Լրահոս