Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և աշխատակազմը հայտարարություն են տարածել՝ համոզմունք հայտնելով, որ գործընթացի անաչառության և պատշաճության պահպանման դեպքում մաեստրո Սմբատյանին կընձեռվի հնարավորություն՝ վերականգնելու իր և Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող մշակութային գործունեությունը:
«Ինչպես տեղյակ եք, հանրային դաշտում լայն քննարկում են գտել նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող տեղեկությունները, որոնք տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում: Մենք անդադար շարունակում ենք ստանալ մեծաթիվ արձագանքներ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների կողմից և շնորհակալություն ենք հայտնում սատարման, ջերմ խոսքերի և ընթացիկ իրադարձությունների հանդեպ սթափ մոտեցումների համար:
Համոզված ենք, որ գործընթացի անաչառության և պատշաճության պահպանման դեպքում Մաեստրո Սմբատյանին կընձեռվի հնարավորություն՝ վերականգնելու իր և Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող մշակութային գործունեությունը:
Մենք հույս ենք հայտնում, որ բարձրացված աղմուկին շուտափույթ կերպով կփոխարինեն հավասարակշռված տեղեկատվությունն ու վերլուծությունը, կկայացվեն ողջամիտ որոշումներ, և մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ` նվագախմբի կողքին: Ամենայն հարգանքով իրավապահ համակարգի նկատմամբ՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ Մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիրն է:
Մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում դժվարին պահերին մեր կողքին լինելու համար», – նշված է հայտարարությունում: