ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, որ Ն.Զարյան փողոցի 11 և 13 հասցեներում իրականացնում են ապօրինի շինարարություն, ծառահատում են իրականացրել և իր տան պատը քանդել:
Ավելի ուշ նախկին պատգամավորը հայտնել է, որ իր կողմից ներկայացրած հաղորդումից հետո մոտեցել են Արաբկիրի ՈԲ ծառայողները, դադարեցրել են աշխատանքները, կազմել են համապատասխան արձանագրությունները, սակայն տարածքը դեռևս մնում է զավթած, ինչը վթարային իրավիճակ է ստեղծում։
Արդյունքում դեպքի վայր են գնացել իրավապահները, որտեղ Զ. Փոստանջյանը հաղորդում է տվել, որ Ն.Զարյան փողոցի 11 և 13 հասցեներում Վահրամ Ադամյանի կողմից հատվել են կենսունակ ծառեր, քանդվել է պատմամշակութային ժառանգություն հանդիսացող պատ Վրացական փողոցի 2 և Ն.Զարյան փողոցի 11 հասցեների մեջտեղում, այգին վերածել են շինհրապարակի, հողի վերին շերտը փորձ է արվել հանելու և հեռացնելու տարածքից, փակվել է ընդհանուր օգտագործման մայթը, վնասվել են մայթի տակ գտնվող էլ. լարերը, ստեղծվել է վթարային իրավիճակ Ն.Զարյան, Վրացական և Հր.Քոչար փողոցների շրջադարձի հատվածում։ Իրավապահները ընթացք են տվել հաղորդմանը։
Ք. Մ.