Նախորդ շաբաթ Արցախում գրանցվել է 1053 ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի օգոստոսի 7-14-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1053 զանգ, որից 5-ը՝ տեխնածին, 22-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են, հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

Օձի հայտնաբերման մասով 2 կանչ է գրանցվել՝ Ստեփանակերտում: ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս սողուններին հայտնաբերելու դեպքում ինքնուրույն գործողություններ չանել, անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծին՝ 911 հեռախոսահամարին:

Մեկ շաբաթվա ընթացքում, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը կատարել են փակված 6 դռան և 9 վերելակի բացում:

Նշված ժամանակահատվածում հրդեհի վերաբերյալ 8 կանչ է արձանագրվել, 5-ը՝ Ստեփանակերտում և 3 դեպք՝ Ասկերանի շրջանում: Կանչերի մեծ մասը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ են: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

Յոթ օրվա ընթացքում, ԱԻՊԾ սակրավորները կատարել են 2 ելք: Հայտնաբերվել է շուրջ 409 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:




Լրահոս