Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտնել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել երկրի արևելյան սահմանին տիրող իրադրությունը և Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայությունը քննարկելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
«Այսօր ես Ազգային անվտանգության խորհրդի նիստ եմ հրավիրել. օրակարգում են պատիժների քաղաքականությունը հիբրիդային պատերազմի պայմաններում, իրավիճակն արևելյան սահմանին և «Վագներ» խմբի գտնվելը Բելառուսում»,- գրել է Ռինկևիչսը X (նախկինում՝ Twitter) սոցցանցում:
Ավելի վաղ երկրի կառավարությունը հայտարարել էր, որ Լատվիան օգոստոսի 11-ից կես տարով ուժեղացնում է սահմանային հսկողության ռեժիմը Բելառուսի հետ սահմանակից շրջաններում անօրինականորեն երկիր թափանցելու դեպքերի հաճախանալու պատճառով։ Լատվիայի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է, որ անօրինական միգրացիայի հոսքի աճի պատճառով սահմանապահների լրացուցիչ մոբիլիզացում է անցկացնում և աշխատակիցներին հետ կանչում արձակուրդից։