ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Վլախովսկու հետ։

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները եւ 120 հազար բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները, որոնք հետեւանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ սննդի, դեղորայքի մատակարարումներ չեն իրականացվում նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որի գործունեությունը եւս խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից: Վերջինիս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը հիշատակել է հուլիսի 29-ին ԼՂ-ից բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առեւանգման դեպքը՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում եւ ԼՂ բնակչությանն ահաբեկելուն ուղղված անընդունելի քայլ:

«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործելաոճը, որը շարունակվում է՝ ի հեճուկս միջազգային գործընկերների բազմաթիվ հասցեական կոչերի, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող երկու որոշումների, ԼՂ-ում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է, եւ դրա հետագա կանխումը պահանջում է միջազգային դերակատարների առավել խիստ դիրքորոշումներ եւ գործուն քայլեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ շեշտվել է, որ ներկա իրավիճակում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հրամայական է Լաչինի միջանցքի արգելափակման վերացումը։ Նշվել է, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի հետագա սրումը կարող է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայանության հաստատմանն ուղղված ջանքերը:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետ օգտագործելու պատրաստամակությունը:

Նշենք նաեւ, որ օգոստոսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի՝ մասնավորապես քննարկելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը: Կարեւորելով միջազգային կազմակերպությունների, երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը։

Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն եւ կարող է էականորեն խաթարել տարածաշրջանում կայունության հաստատման գործում Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը:

 

 

 

ԹՌԻՉՔԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեւան-Կապան օգոստոսի 25-ին կայանալիք  չվերթը հետաձգվել է։ Այս մասին հայտնում են «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից։

Նշվում է, որ հետաձգված թռիչքի պատճառը Ջերմուկի եղանակային պայմաններն են, քանի որ այդ պահին այնտեղ մառախլապատ է եղել։ Նկատենք, որ հաջորդ թռիչքը նախատեսված է երկուշաբթի օրը։

 

 

 

ԿՄԵԿՆԵՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ պատվիրակությունը օգոստոսի 28-30-ը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։

Նշենք նաեւ, որ պատվիրակության կազմում են էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։

 

 

 

ԱՐՑԱԽԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոսի 25-ին ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 2-ը գտնվում են նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՓԱԿՎԵՑ

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանը երեկ փակվել է։ Նշվում է, որ այն փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Reuters գործակալությունը տեղեկացնում է՝ կոնկրետ անվտանգային ինչ խնդիր է առաջացել, ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում չեն նշել։

«Ազգերի պալատի» շենքում է գտնվում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը։ Ըստ Retuers-ի՝ այն նաեւ հանգույց է հանդիսանում դիվանագետների, հումանիտար ոլորտի աշխատողների եւ պետական պաշտոնյաների համար։

 

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՆԴԱՄԸ

Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն իր «Քաղաքապետը» մոնոներկայացման մեջ մի քանի ուշագրավ բացահայտումներ էր արել՝ իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ: Դրանցից ամենազավեշտալին թերեւս իր մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի եւ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկի մասնակցությամբ միջադեպն էր։

Մասնավորապես, քաղաքապետարանի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը սուրճ խմելիս է եղել, մոտեցել է ավագանու անդամը եւ ասել, թե քաղաքապետարանի սուրճի սարքը Հայկ Մարությանի եղբորը՝ Արման Մարությանին է պատկանում:

Ինչպես իր ներկայացման մեջ Մարությանն է պարզաբանում, սուրճի սարքը իրականում իր կինոռեժիսոր եղբորը՝ Արման Մարությանին չէր պատկանում, այլ մեկ ուրիշ «Արման Մարության» ԱՁ-ի, բայց ավագանու իմքայլական անդամն անգամ չի էլ նկատել, որ հայրանունները չեն համընկնում, ուստի չի կարող սուրճի սարքի տեր Արման Մարությանն իր եղբայրը լինել:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ իրականում ավագանու այդ առեղծվածային  անդամը Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն է, որը 2018-2021 թթ. Երեւանի ավագանու անդամ է եղել: Նա թեեւ 2020 թվականի դեկտեմբերից զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը, բայց միայն 2021թ.-ի ապրիլին է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում  ներկայացրել:

Ի դեպ, Դավիթ Խաչատրյանին քաղաքապետարանում առավել շատ հիշում են ոչ թե իր ակտիվ գործունեությամբ, իր հեղինակած նախագծերով, այլ նրանով, որ սուրճի բաժակը ձեռքին մշտապես պտտվում էր քաղաքապետարանում:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ

«Ես աջակցում եմ  ԼՂ 120.000 բնակիչներին եւ նրանց պաշտպանող հայկական սփյուռքին». «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի՝ X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում կատարված հրապարակումից:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի։ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ասել է՝ «Այլեւս երբեք»:

Մենք պետք է անենք ավելին, քան պարզապես խոստում տալը: Մենք պետք է գործենք»,-ասել է նա։

 

 




Լրահոս