ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՇՂԹԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. ապրիլի 5-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ օգտագործելու կասկածանքով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին էր ներկայացվել Երեւան քաղաքի 25-ամյա մի բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.26 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված այլ վարույթների շրջանակում իրականացված վարութային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել էր հաջորդաբար միմյանց թմրամիջոցներ իրացնելու շղթա։

Դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները հետագայում միացվել էին մեկ վարույթում, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:

Իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր շղթայում ներգրավված անձանցից հինգի ինքնությունները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ շղթայում ներգրավված անձանցից մեկը՝ Հ.Բ.-ն, ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացի շրջանակում Երեւան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդուն առաջարկել է, որպեսզի ավտոմեքենայի արժեքի մի մասի գումարի դիմաց նրան տա «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց եւ այդկերպ վճարի ավտոմեքենայի համար պարտք մնացած գումարը: Համաձայնության գալով՝ այդ անձը 40-ամյա տղամարդուն ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.8 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Պարզվել է նաեւ, որ Հ.Բ.-ն հանցավոր շղթայում ներգրավել է նաեւ Վաղարշապատ քաղաքում բնակվող իր ընկերուհուն: Տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Բ.-ն առանձնապես խոշոր չափերով՝ 5.81 գրամ «Մեթամֆետամին», առանձնապես խոշոր չափերով՝ 84.56 գրամ «Ափիոն» եւ առանձնապես խոշոր չափերի՝ 358.635 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցները պահել է նրա՝ Վաղարշապատ քաղաքում գտնվող տանը: Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով կատարված  խուզարկությամբ նշված բնակարանում հայտնաբերվել են նաեւ էլեկտրոնային կշեռքներ, տարբեր չափերի պոլիէթիլենային տոպրակներ, բազմաթիվ կտրատված փայլաթիթեղներ, ապակե կոլբաներ, քաղցրավուն հոտով պլաստմասսե ձողիկներ, որոնց ծայրերին առկա են փայլաթիթեղներ, իսկ ներսում՝ թմրամիջոցին նման հետքեր, ինչպես նաեւ 1.912.005 ՀՀ դրամին համարժեք 45 հատ 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Քննությամբ պարզվել է, որ Հ.Բ.-ի կողմից շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 5.81 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից խոշոր չափերով՝ 1.01 գրամը հայտնաբերվել է նշված բնակարանում կատարված խուզարկության ժամանակ, իսկ առանձնապես խոշոր չափերով՝ 4.8 գրամը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երեւան քաղաքի 40-ամյա բնակչին, որը խոշոր չափերով՝ 0.26 գրամը նույն ամիսների ընթացքում վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երեւան քաղաքի 56-ամյա մեկ այլ բնակչի, իսկ վերջինս էլ իր հերթին նշված խոշոր չափերով՝ 0.26 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից զգալի չափերով՝ 0.1 գրամը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երեւան քաղաքի բնակիչ, 25-ամյա երիտասարդին, ինչպես նաեւ վերը նշված բնակարանում իրացնելու նպատակով պահել է 1.912.005 ՀՀ դրամին համարժեք 45 հատ 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Հ.Բ.-ին  մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 267-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս ընկերուհուն՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-267-րդ հոդվածի 1-ին մասով, 40-ամյա տղամարդուն՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 25-ամյա երիտասարդին՝ 396-րդ հոդվածի 1-ին մասով, 56-ամյա տղամարդուն՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, եւս մեկի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում այլ անձանց առկայության, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաեւ կեղծ թղթադրամներ պատրաստելու մասով նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջեւանի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Արտաշես Մատինյանը ինքնաձիգից կրակոցներ է արձակել։

 

Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից ձերբակալվել եւ Ոստիկանության Իջեւանի բաժին է տեղափոխվել Ա. Մատինյանը։

Ըստ ստացված տվյալների՝ այդ օրը Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ ՊՈԱԿ»-ի տնօրենի տեղակալ, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սիմոն Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ ՊՈԱԿ»-ում որպես տնօրենի տեղակալ աշխատող, Երեւանի բնակիչ 64-ամյա Սեպուհ Քոչարյանը, նույն նախարարության գլխավոր մասնագետ, Երեւանի բնակիչ 40-ամյա Աշոտ Ավագյանը եւ Կոտայքի մարզի բնակիչ, նույն նախարարության գլխավոր մասնագետ 55-ամյա Մանվել Դավթյանը «Հայանտառ ՊՈԱԿ»-ի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում իրականացրել են ստուգումներ, որի ժամանակ Ա. Մատինյանի մոտ առաջացած դժգոհությունների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Մատինյանի եւ Ս. Պետրոսյանի միջեւ, որից հետո Ա. Մատինյանն իր մոտ պահվող ապօրինի ինքնաձիգից մի քանի կրակոցներ է արձակել օդ՝ այդկերպ փորձելով վախեցնել Ա. Պետրոյանին։

Դեպքի փաստով Ոստիկանության Իջեւանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Մատինյանին եւ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները:

2023 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 14:15-ին, «Ալավերդի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող երկու վերքեր» ախտորոշմամբ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի ճոպանուղու մոտակայքից շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել նույն քաղաքի 46-ամյա բնակիչը:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս նշված վնասվածքները ստացել է իր ծանոթի տանը հացկերույթի ժամանակ` իր եւ մասնակիցներից մեկի՝ 61-ամյա համաքաղաքացու միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում: Վերջինս իր մոտ եղած դանակով չորս անգամ հարվածել է 46-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, եւ դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նույն օրը՝ ժամը 15:43-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հիշյալ տղամարդը մահացել է:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: 61-ամյա տղամարդը ձերբակալվել է եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական եւ վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

ՎԱՐՈՐԴԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով կալանավորվել է «ԶԻԼ»-ի վարորդը։ Նշենք, որ նա  մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Հիշեցնենք, որ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տեղում մահացել է 10 ուղեւոր եւ վարորդը։ 5 ուղեւորներ, ինչպես նաեւ «ԶԻԼ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու ԲԿ։ Այսօր մահացել է եւս մեկ քաղաքացի։




Լրահոս