ԻՆՉՈ՞Ւ ՉԵՂԱՐԿՎԵՑ ՀԱՄԵՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին Երեւանում նախատեսվում էր երգիչ Անդրոյի համերգը: Բազմաթիվ երկրպագուներ երկար ժամանակ սպասում էին սիրելի արտիստի համերգին, տոմսերը գնված էին, երգիչն էլ հայտարարել էր, որ Հայաստանում լինելու, ելույթ ունենալու մասին երազել էր դեռ վաղուց ու երկար տարիներ:

 

Թվում էր, թե ամեն ինչ պատրաստ է համերգի համար, սակայն «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»: Մեդիայում սկսվեց քննադատության մեծ ալիք՝ կապված Անդրոյի ազգության, նրա լեյբլի՝ ադրբեջական ծագման եւ այլնի մասին:

Առավել մեծ տարածում գտավ TikTok հավելվածում տարածվող հոլովակը, որում երիտասարդը զարմացած հարցնում էր, թե արդյոք կարող էինք երբեւէ պատկերացնել, որ ադրբեջանական լեյբլի աստղը կարող է համերգ ունենալ Հայաստանում, որին կմասնակցեն մեծ թվով հայեր:

Քննադատության արդյունքում համերգը չեղարկվեց, արտիստն իր ինստագրամյան էջում հայտնեց, որ տոմսերի գումարները կվերադարձվեն: Անդրոյի նման անտարբեր արձագանքը կարծես կիսատ լիներ այս պարագայում, սակայն շուտով նա հայտնեց իր վրդովմունքի մասին:

Նա հրապարակել է արխիվային լուսանկար՝ կից գրելով. «Գնչուները Եվրոպայում, նաեւ Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում եւ Ավստրալիայում ապրող էթնիկ ժողովուրդ են։ Նրանք ծագում են  հյուսիսային Հնդկաստանից:

Ներկայումս գնչուները ապրում են Երեւանում (Սարի թաղ, Քանաքեռ, Մարաշ) Գյումրիում (Բոշի մայլա)…»:

Ապա անդրադառնալով շշուկներին՝ գրել է, որ գնչուները այլ մարդիկ են, նրանք թուրքերին չեն պատկանում՝ հաջորդ սթորիում նշելով, որ RAAVA լեյբլը գնչուական է:

Անդրոն բարկությունն է արտահայտել՝ չեղարկված համերգի հետ կապված՝ նշելով, որ մենք բոլորս ապրում ենք մի երկնքի տակ. արդյոք բա՞րդ է դա հասկանալ, ու վիրավորական է, երբ մի խումբ ապուշների պատճառով իրեն արգելում են կիսվել սիրով, երաժշտությամբ, զգացմունքներով, միասնությամբ:

Վերջում Անդրոն եւս մեկ անգամ ցույց է տվել իր զայրութը՝ նշելով որ իր թիմում կան տարբեր ազգության մարդիկ, այդ թվում՝ հայեր:

Արձանագրենք նաեւ, որ հուլիսի 22-ին համերգով Հայաստանում հանդես եկավ նաեւ Ինստասամկան, որը Հայաստան այցելությունից ամիսներ առաջ՝ մայիսի 12-ին, եղել էր Բաքվում՝ առաջին անգամ ելույթ ունենալով, ապա հայտարարել էր. «Լավագույն մարդիկ աշխարհում ապրում են Բաքվում»:

 

 

 

Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅԿՈՅԻ

Օգոստոսի 25-ին սիրո երգիչը՝ Հայկոն, կդառնար 50 տարեկան։ Բազմաթիվ հայ հայտնիներ շնորհավորել են երգչի երկնային ծնունդը, իսկ Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է Հայկոյի եւ Արմանի համատեղ լուսանկարները՝ շնորհավորելով նրան:

«Հայկո՛, դու եղել ես լավագույն հայրը մեր որդու համար»,- գրել է Անահիտը:

Նշենք նաեւ, որ երեկ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի ունեցավ մեծ համերգ՝ նվարված մեծ երաժշտի 50-ամյակին: Հայտնի մենակատարներ եւ արտիստներ նոր շունչ տվեցին Հայկոյի ստեղծագործություններին:

 

 

 

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԿԱՎԱՌԱԿԻ ՄԱՍ

«Գրեմմի»-ի առաջադրված կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի «Վարիացիաներ՝ Բախի թեմայով, դաշնամուրի համար» ստեղծագործությունը դարձել է վերջերս Գերմանիայում թողարկված հայ վիրտուոզ դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանի Sustain Vol. 3 սկավառակի մաս։ Այս մասին հայտնում է The Armenian Mirror-Spectator-ը։

Մանասերյանը ծնվել է Երեւանում, բնակվում է Բոննում։ Մամուլը Բոյաջյանի ստեղծագործությունն անվանել է շատ քնքուշ, անսովոր։

«Նկատի ունեցեք, որ սա 21-րդ դարի ստեղծագործություն է՝ հիմնված բարոկկո ժամանակաշրջանի ձայնագրության տեսության վրա։ Աշխատանքը, զարգանալուն զուգընթաց, սկսում է ավելի ու ավելի հարազատ հնչել՝ չնայած ավանգարդ ներդաշնակություններին եւ էներդոնիկ գրությանը։ Սա իսկապես ցնծություն է»,- գրել է Կոլորադոյի համալսարանի քննադատ եւ երաժշտագետը:

Մանասերյանը Բոյաջյանի վարիացիաների հետ համեմատելու համար կատարեց Բեթհովենի հայտնի 32 վարիացիաները բնօրինակ թեմայով։ Նա կրկնել է Բրյուսելի ծրագիրը. Մանասերյանը հաճախակի կատարում է Բոյաջյանի դաշնամուրային երաժշտությունը։

Պատահականորեն Բոյաջյանը վերջերս դարձավ մեկ այլ նախագծի անդամ։ Information Age Publishing, Inc. հրատարակչության կողմից հրապարակված «Բանավոր պատմական պատմությունների ուժը» գիրքը ներառում է Բոյաջյանի կյանքի պատմության մասին գլուխ։

Բոյաջյանի պատմությունը սկսվում է նրա ծնողներից՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածներից։

 

 

 

 

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«Նոա»-ն պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 32-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է ակումբի մամուլի ծառայությունից: Նշենք նաեւ, որ նա «Բանանց»-ի (ներկայիս «Ուրարտու»-ի) սան է, հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի բազմակի չեմպիոն «Վարդար»-ում։

Վերջին ակումբը եղել է «Անորտոսիս»-ը, կիպրական թիմի կազմում նա անցկացրած 86 խաղերում դարձել է 8 գոլի եւ գոլային 12 փոխանցման հեղինակ:

Հայաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրած 50 հանդիպումներում Համբարձումյանը դարձել է 4 գոլի հեղինակ։

 

 

 

ԶԱԽԱՐՅԱՆԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» իսպանացի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը դրական է արտահայտվել իր ղեկավարած թիմի նորեկ, Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։ 20-ամյա ֆուտբոլիստը հայտավորված է «Լաս Պալմասի» դեմ հանդիպմանը։

«Արսեն Զախարյանն ինձ զարմացրեց, բայց ոչ թե իր խաղամակարդակով, այլ նոր թիմում արագ հարմարվելու ընդունակությամբ։ Լավ ֆուտբոլիստները շատ արագ են հարմարվում նոր պայմաններին։ Թեեւ նա լավ չգիտի անգլերեն, բայց ամեն ինչ շատ արագ ընկալեց։

Արսեն Զախարյանն ունի մեծ ներուժ եւ գերազանց բնավորություն, թեեւ նա ընդամենը 20 տարեկան է։ Եթե ոչ մի վատ բան տեղի չունենա, նա կդառնա հրաշալի ֆուտբոլիստ։

Շնորհակալ եմ Վալերի Կարպինին, որ չկանչեց Զախարյանին հավաքական, որպեսզի նա ավելի լավ հարմարվի ակումբում»,- Իմանոլ Ալգուասիլի խոսքը մեջբերում է El Desmarque-ը։

 

 

 

 

ԿԱՎԱՐՏԻ ԿԱՐԻԵՐԱՆ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Լիսաբոնի «Բենֆիկայի» 35-ամյա կիսապաշտպան Անխել Դի Մարիան մտադիր է հաջորդ տարի ավարտել կարիերան ազգային թիմում։

«Ամերիկայի գավաթը կլինի վերջին մրցաշարը հավաքականում ինձ համար։ Հույս ունեմ, որ Սկալոնին ինձ կհրավիրի այդ մրցաշարին։ Միշտ սպասում ես հրավերի՝ հասկանալով, որ այն կարող է լինել, կարող է եւ չլինել։ Ոչ մեկի համար տեղն ազգային հավաքականում երաշխավորված չէ»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է DSports Radio-ն։

Ամերիկայի գավաթը կանցկացվի 2024 թվականին ԱՄՆ-ում։ Արգենտինայի հավաքականը կպաշտպանի տիտղոսը։




Լրահոս