Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտարարեց, թե 7 տարեկան երեխաների շրջանում ամեն չորրորդն ավելցուկային քաշ ունի։
Լենա Նանուշյանը նշել է, թե աշխատանք է տարվում, որպեսզի երեխաները ցածր դասարաններից սովորեն առողջ ապրելակերպին և զերծ մնան հիվանդություններից:
«Ցավոք, պետք է նշեմ, որ վերջերս մեր իրականացրած մի հետազոտության արդյունքում 7 տարեկան երեխաների շրջանում հայտնաբերեցինք, որ մեր երեխաների ամեն 4-րդն ավելցուկային քաշ ունի: Իսկ դա նշանակում է, որ ավելի շատ պետք է աշխատենք իրենց կրթության ժամանակ, սովորեցնենք, թե առողջ ափսեն ինչպես պետք է ձևավորվի, ծնողներին սովորեցնենք, զերծ պահենք մեր երեխաներին հեռուստատեսությամբ և այլ միջոցներով վնասակար ուտելիքի գովազդից»,- ասաց նախարարի տեղակալը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ եթե հետազոտություն արվի, կպարզվի, որ ամեն 4-րդ երեխա չունի խաղահրապարակ, դպրոցում չկա մարզասրահ, մարզասրահում չկա մարզական գույք, և որ ամեն 4-րդ երեխա կյանքում լողավազան չի տեսել: