Մեկնարկել է «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրը, հանրապետության կրթական հաստատություններում հնչեց առաջին զանգը։ Մեկնարկեց նոր ուսումնական տարին, ինչին զուգահեռ մեկարկեց նաև ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։ Տոնական տրամադրությամբ, բայց ողջ զգոնությամբ, վաղ առավոտից ուսուցիչների, ծնողների ու աշակերտների կողքին էին նաև ոստիկանության ծառայողները։

Ոստիկանությունը հանգամանորեն է նախապատրաստվել նոր ուսումնական տարվա մեկնարկին. նախապես որոշվել է՝ ո՛ր ուսումնական հաստատության շրջակայքում, ո՛ր ստորաբաժանումները պետք է իրականացնեն ծառայություն:

Մայրաքաղաքի խաչմերուկներում պարեկները կարգավորում են ծանրաբեռնված երթևեկությունը, ապահովում հասարակական կարգը, իսկ դպրոցների և ուսումնական մյուս հաստատությունների մոտ՝ ապահովում անվտանգ երթևեկը։

Դպրոցների բակերում ոստիկանները ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորում էին աշակերտներին, ծաղիկներ ու փուչիկներ նվիրում նրանց։

Շատ գովելի և գնահատելի է ոստիկանության մշտական ներկայությունը և աջակցությունը ուսումնական անվտանգ գործունեություն, գործընթաց կազմակերպելու համար,-նշեց Երևանի թիվ 90 դպրոցի փոխտնօրեն Լիլիթ Բարսեղյանը։

Մարզերում «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունն իրականացնում են ոստիկանության մարզային վարչությունների, տարածքային բաժինների, պարեկապահակետային ու պարեկային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության ծառայողներ։

Մարզերի ոստիկանները ևս փուչիկ ու ծաղիկ նվիրեցին փոքրիկներին, նրանց մաղթեցին արդյունավետ ուսումնական տարի և անսահման հաջողություններ։

«Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը անցկացվում է հանրապետության ողջ տարածքում։ Միջոցառմանը ներգրավված են ոստիկանության գրեթե բոլոր ծառայությունները։ Մեկամսյակի ընթացքում նախատեսված է անցկացնել «Օրինապահ հետիոտն» միջոցառումը,-նշեց ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։

Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներին մեկ անգամ ևս խնդրում և հորդորում ենք ուսումնական տարվա առաջին այս օրերին լինել առավել զգոն և ուշադիր, դպրոցամերձ տարածքներում մեքենաները վարել սահմանվածից էլ ցածր արագությամբ, որ չլինի դեպք ու պատահար։

Անենք ամեն ինչ՝ ուսումնական տարին անվտանգ մեկնարկելու և նույն անվտանգությամբ ավարտելու համար։ Ոստիկանության ուժեղացված ծառայությունը շարունակվում է։




Լրահոս