Գարիով, ոլոռով սուրճ, տարաներում աճեցրած սածիլներ, կոմպոտի բաղադրության մեջ մտնող շաքարավազին փոխարինող մուրաբաներ։ Տիկին Ռիման կարծես գտել է շրջափակման ընթացքում շատ մթերքներին փոխարինող այլընտանքային տարբերոկները։ Նրա խոսքով՝ տարբեր տեսակ բանջարեղենի սածիլների աճեցման միտքը ծագել է շրջափակման առաջին օրից․
«Սկզբնական շրջանում վախենում էի, որ չի վաճառվի, բնությունից և այգեգործությունից հեռու եմ, սակայն ամենից շատ հավանությունը գնորդների կողմից շուկայում ես եմ ձեռք բերել, սածիլները հիմնականում ինձնից են գնում։ Ասում են՝ ձեռքս թեթև է․ ինչ դնում եմ հողի մեջ, այն ծիլ է տալիս։ Գնորդներն էլ են նույն կարծիքի»։
Բնությունից հեռու, սակայն գնորդների կողմից գոհունակություն ստացած՝ տիկին Ռիման հասցրել է սմբուկի, լոլիկի, պղպեղի, վարունգի սածիլներ աճեցնել և վաճառքի հանել։ «Օրհնում եմ, օրհնում եմ մեզ բոլորիս, որպեսզի դիմակայենք բլոկադային, մեծահոգի լինենք ու հասկանանք, որ ամեն ինչ ժամանակավոր է, և այս ամենը մեզ համար Աստծո կողմից ուղարկած փորձություն է»,- սա է սածիլներ վաճառող Տիկին Ռիմա սրտի խոսքն ու խորհուրդը։
Շրջափակված Արցախում, ի թիվս բազում ապրանքների, բացակայում է նաև սուրճը։ Սուրճին փոխարինող այլընտրանքային տարբերակներից մեկը ոլոռով սուրճ պատրաստելու մեթոդն է, որը տիկին Ռիման օգտագործում է շուկայում իր փոքրիկ ճաշարան այցելող հաճախորդների համար։ Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում դուստրն է կիրառել այս մեթոդը ու արդյունքից գոհ մնացել։ Տիկին Ռիման Armlur.am-ին էլ է պատմել, թե ինչպես կարելի է սիսեռից սուրճ ստանալ։
«Սիսեռը դնում ենք վառարանի մեջ, սպասում այնքան, որ լավ սևանա, այնուհետև սրճաղացով աղում ենք։ Կարող եմ ասել՝ իրական սուրճից ոչնչով չի տարբերվում։ Կարող եմ նույնիսկ խորհուրդ տալ, մեկ գդալ սուրճ ավելացնել աղացած սիսեռի մեջ և վերջ»։ Սա դեռ ամենը չէ, ինչ մտածել է տիկին Ռիման շրջափակման մարտահրավերներին դիմակայելու համար, քանի որ շրջափակմամ ընթացքում Արցախում շաքարավազ ևս չկա, Տիկին Ռիման ձմեռվա համար պատրաստվող կոմպոտները քաղցրացնում է նախորդ տարիներից մնացած մուրաբաներով․
«Օրինակ եթե պատրաստում եմ հոնի կոմպոտ, շաքարի փոխարեն նախորդ տարվա հոնի մուրաբայի հյութն եմ լցնում մեջը։ Նման եղանակով նաև պատրաստում է մոշի մուրաբան, մոշի կոմպոտով»։
Տիկին Ռիման, այս պայմաններում չի հուսահատվում, նա հողին ամուր կպած արցախցու պես ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու, պարզապես մի փոքր պետք է դիմակայենք ու դիմադրենք։