Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին հրավիրել է հատուկ նիստ` նորընտիր նախագահի երդմնակալության կապակցությամբ։
Ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությունը մեկնարկել է Արցախի օրհներգով, որից հետո նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդում է տվել 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Սահմանադրության վրա ձեռքը դնելով։
Օրհնության խոսք է ասել Տեր Մինաս քահանա Մովսեսյանը՝ ներկայացնելով նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքը։
Սամվել Շահրամանյանին խորհրդարանի կողմից շնորհավորել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։