Դեռևս 2022 թվականի մարտին փլուզվել էր Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ բոլորում է արդեն 2-րդ տարին, բայց մի քանի գյուղեր կապող Սև ջուր գետի կամուրջը այդպես էլ մնացել է փլուզված: Մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում այս պահին կամուրջը:
ArmLur.am-ին տեղի բնակիչները պատմել էին, որ այդ տարածքում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, քանի որ հատկապես գիշերային երթևեկության ժամանակ որևէ ձևով նկատելի չէ, որ այդ հատվածը փլուզված է: Մենք տեղեկացանք նաև, որ այդ տարածքը շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել երթեւեկելի հատվածից:
Երբ դեռևս մոտ մեկ ու կես տարի առաջ հետաքրքրվել էինք,թե ե՞րբ են ի վերջո սկսվելու կամրջի նորոգման շինաշխատանքները հարցին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցել էին հետեւյալը․ «Այդ կամրջի շինարարության մրցույթի հայտը տրվել էր։ Հայտը դիտարկելուց հետո շինարարության մրցույթը կհայտարարվի»։
Ի դեպ, տեղեկացնենք, որ կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառված է եղել 2022թ. հիմնանորոգման ծրագրում։ Բայց արի ու տես, որ շուրջ մեկու ու կես տարի է կառավարությանը չի հաջողվում այդ կամուրջը նորոգել:
Այդ խնդրով ArmLur.am-ը փորձեց զրուցել Արաքս համայքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ, սակայն, չգիտես ինչու, նրա փոխարեն հարցերին պատասխանեց համայնքի ղեկավարի օգնականը՝ հատարարելով, թե աշխատանքները մոտենում են ավարտին: Չնայած այս պատասխանին ակնհայտ երևում է, որ կամուրջը գտնվում է խայտառակ վիճակում, իսկ կամրջի վրա այս պահին աշխատանքներ չեն իրականացվում, թե առաջիկայում այս հարցին ինչ լուծում կտրվի կամ թե քանի մարդու կյանք պետք է խլի այս անմխիթար վիճակը, որից նոր ուշքի կգան պատկան մարմինները, դեռևս անհասկանալի է:
Օֆելյա Հովհաննիսյան