ArmLur.am-ի տեղեկություններով, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի երկու որդիները խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, երկուսն էլ՝ նույն հոդվածով։ Ա. Նուշիկյանը, օգտագործելով իր անձնական կապերը, կեղծ բժշկական թղթերի հիման վրա ազատել է իր որդիներ Նորայր և Ռոբերտ Մարուկյաններին պարտադիր զինվորական ծառայությունից։
ArmLur.am-ը փորձեց այս լուրերի իսկությունը ճշտել հենց պրոռեկտոր Անժելա Նուշիկյանից, ով այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է։
«Կեղծ փաստաթղթերի մասով ասեմ, որ ես ոչինչ չեմ կեղծում, ընդունակ չեմ կեղծելու որևէ բան։ Մեծ տղաս 2 փուլով անցել է հետազոտություններ, և առաջացած խնդիրներն ինձ համար ևս անակնկալ էին, պատահական ենք իմացել։ Ինձ համար անսպասելի էր, որ որդիս սրտի առեթմիա ունի։ Այս լուրերը սխալ տեղեկատվություն են, և միայն իմ անձի դեմ չէ այդ ամենը, այլ անվստահություն է և՛ իմ, և՛ բուժանձնակազմի, և՛ կամիսիա անցկացնողնեի նկատմամբ։
Ես այդ ընթացքում պաշտոն չեմ ունեցել, պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականին որպես պրոռեկտոր։ Իսկ իմ տղան այդ ստուգումներն անցել է 2017-2018 թվականներին և պաշտոնի հետ դա կապ ունենալ չի կարող։ Իսկ փոքր տղաս 4 փուլով է անցել հետազոտություն։ Ես չգիտեմ ինչքան ծանոթներ պետք է ունենանք, որ այդ քանակի թղթերը կեղծեմ։ Դա լկտի սուտ է։ Մեծ տղայիս մոտ սրտի առեթմիա է, իսկ փոքր որդուս ախտորոշումը գիպերտենզիան է, բարձր և ստատիկ ճնշում ունի որդիս։
Եթե լարված իրավիճակներ են լինում, նրա ճնշումը կարող է բարձրանալ՝ հասնելով 170-180-ի։ Անկախ զինկոմիսարյատի բժշկական ստուգումներից բացի, մենք որդուս տարել ենք առանձին ստուգումների ևս՝ պարզելու, թե ինչ պատճառով է լինում դա։ Պարզեցինք, որ դա գենետիկ բնույթ է կրում։ Ես կարող եմ ասել, որ ես այդ հնարավորությունները չունեմ, և այս ժամանակաշրջանում, կարծում եմ, սա անհնար է և լինելու դեպքում, դրա մասին կիմանային բոլորը։ Կարծում եմ նաև, որ շատ լավ բոլորս գիտենք, թե դա ինչ գումարների հետ է կապված, այդ գումարները օդից չեն ընկնում։ Ճշմարտությունը մեկն է՝ այդ փաստաթղթերը կեղծված չեն։ Փոքր տղաս այդ ստուգումները անցել է 2020 թվականի վերջից և վերջին ստուգումը եղել է 2022 թվականի գարնանը», – նշել է նա։
Էմմա Միքայելյան