ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց, ժամը 18։00-ի սահմաններում, տեղի ունեցած հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելուց հետո, նրանց կազմակերպմամբ, հավաքի մասնակիցները մոտեցել են Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ: Դրանք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։
Ստացված հաղրոդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում է նախաքննություն։ Ձեռք բերված, համացանցում տարածված վերաբերելի տեսագրություններն ուսումնասիրվում են։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում վերջիններիս նույնականացնելու, ինքնությունը պարզելու նպատակով։
Սոցիալական ցանցի իր օգտահաշվի միջոցով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Խաչիկ Հակոբյանը։