Ադրբեջանը էթնիկ զտման գործընթաց է իրականացնում Արցախի Հանրապետությունում: Լաչինի մարդասիրական միջանցքը փակ է, արցախցիները տարհանվելու հնարավորություն անգամ չունեն: Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, քննարկվել է ստեղծված ծայրահեղ իրավիճակը, որը նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով բնութագրվել էր որպես գոյաբանական սոսկալի սպառնալիք: Ի՞նչ միջոցներ ունի Հայ եկեղեցին Արցախի Հանրապետության հայությանը զորակից լինելու համար: Ներկայացվում է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ զրույցը:
«Ի՞նչ են անում իշխանությունները աղետները կանխելու համար, ուղղակի վեր են կենում ու հայտարարում, թե այսօր Արցախի հայության կյանքին այս րոպեին սպառնացող վտանգ չկա՞։ Դուք երևի տեսաք հայտնի անձի հարցազրույցը, որտեղ ասում է՝ այս պահին Արցախի հայության կյանքին սպառնցող անմիջական վտանգ չկա։ Ուզում եմ հարցնել՝ ի՞նչ գտես, ի՞նչ գիտես, որ չկա, երբ տակավին գոյություն ունեն հազարավոր անհետ կորածներ։ Մենք մինչև հիմա չգիտենք ինչքան կորուստ ունենք, գյուղեր կան, որոնց բնակիչների վերաբերյալ բացարձակ տեղեկություն չունենք, ի՞նչ գիտենք իրենց կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, ո՞ւմ ջրաղացին ենք մենք ջուր լցնում։ Հիմա էս վիճակում մարդիկ ինչպե՞ս կառավարեն հույզերը»,- ասել է նա։
«Այս իշխանությունները վերջապես պետք է սթափվեն, իրենց ղեկավարի ղեկավարությամբ և թողնեն հանգիստ այս ժողովրդին։ Դա հենց ավետարանից է, չար գործողություններով աչքի ընկնող մարդու հեռանալը։
Գնացել են ոճրագործության, և Արցախը թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե դարձրել են ադրբեջանական, և դա ճանաչել է Հայաստանի իշխանությունը։ Այն մարդիկ, որ ամուր կպած են այդ հողին, երբեք չեն համաձայնելու, որ Արցախը կլինելու է ադրբեջանական։ Երբեք չեն համաձայնելու, և պետք է այդ ուղղությամբ աշխատել։ Եկեղեցին երբեք չի կարող համակերպվել այդ իրողության հետ, թե Արցախն ադրբեջանական է։ Բայց եկեք ու տեսեք, որ այն անձինք, որոնք այսօր ներկայացնում են ՀՀ-ն, ճի՛տ հակառակը, չեն կարող պատկերացնել, որ Արցախը լինելու է հայկական։ Այս պայմանների մեջ միակ բանը, որ պետք է անել, պետք է ձերբազատվել այս մարդկանցից, որպեսզի գան այն մարդիկ, որոնք ակնհայտորեն պատրաստ են պաշտպանելու Հայաստանի ազգային շահերը»,- ասել է սրբազանը։