Վերջին 9 ամսվա ընթացքում, երբ Լաչինի ճանապարհը շրջափակված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, ԼՂ-ում հումանիտար ծանր իրավիճակ ձեւավորվեց. սննդի, դեղորայքի, էական նշանակության ապրանքների լուրջ պակաս կար Լեռնային Ղարաբաղում: Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն այդ ընթացքում թույլ չեն տվել հումանիտար միջազգային կազմակերպություններին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ եւ օգնություն տրամադրել այնտեղի բնակչությանը:
«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունները ծանր իրավիճակը դարձրեցին առավել վատթար: Հումանիտար կազմակերպությունները պետք է մուտք ունենան ԼՂ բնակավայրեր: Նախագահ Բայդենի հանձնարարականով՝ ես այստեղ եմ եկել՝ զրուցելու ՀՀ իշխանությունների հետ, ամենակարեւորը՝ քաղաքացիական անձանց հետ, որոնք ԼՂ-ից դուրս են գալիս: Ծանր է տեսնել, լսել այն ամենը, ինչի մջով անցնում են այս ընտանիքները: Շատերը հեռացել են իրենց բնակավայրերից հրետակոծության ներքո: Շատերը թերսնված են հասել այստեղ: Կարծում եմ՝ բոլորդ տեսնում եք այն տրավման, հոգնածությունը, որ կա մարդկանց դեմքներին: Բացարձակ եւ կարեւորագույն անհրաժեշտություն է, որ միջազգային դիտորդները, հումանիտար կազմակերպությունները հասնեն եւ աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում:
Մենք գիտենք, որ վիրավոր քաղաքացիական անձինք կան ԼՂ-ում, որոնք տարհանման կարիք ունեն, եւ անհրաժեշտ է, որ նրանց տարհանումը կազմակերպվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասաց նա:
Փաուերը տեղեկացրեց, որ ԱՄՆ կառավարությունը մարդասիրական օգնության համար հատկացնում է 11,5 մլն դոլար. «Այս միջոցներով կապահովեն սննդամթերքից սկսած մինչեւ սոցիալ-հոգեբանական աջակցություն»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի առնվազն 200 զոհ եւ ավելի քան 400 վիրավոր։ Նրանց թվում նաեւ քաղաքացիական անձինք են:
Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու):
Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխումը, որոնք վերջին ռազմական գործողությունների հետեւանքով մնացել են անօթեւան եւ հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։
ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջեւանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
«Մենք Հայաստանից ակնկալում ենք ոչ թե հետաձգել գործընթացը, այլ ամուր կամք դրսեւորել։ Այս ակնկալիքի մասին ես ասել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ»,- նշել է նա։
Նախագահը նաեւ խոսել է հնարավոր քայլերի մասին, որոնք ուղղված են լինելու Զանգեզուրի միջանցքի բացմանը.
«Մենք չենք տեսնում որեւէ խնդիր, որը չի լուծվի՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ բարիդրացիության իրավունքը։ Ադրբեջանա-հայկական գործընթացում առաջընթացի ապահովումը մեծապես կնպաստի տարածաշրջանի կարգավորմանը։ Մենք կշարունակենք աշխատել միասին՝ Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն եւ բարգավաճում հաստատելու համար»,- նշել է Էրդողանը։
ՊԵՍԿՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանից անուղղակի սուբսիդիաները զգալի ներդրում են Հայաստանի զարգացման գործում, ուստի Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Երեւանի հարաբերությունների աստիճանը չարժե համեմատել։ Այս մասին լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Եթե խոսվում է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ապա, իհարկե, դժվար թե այստեղ ինչ-որ բան համեմատվի Ռուսաստանի տնտեսության հետ, ինտեգրման խորության հետ: Դժվար թե հնարավոր լինի համեմատել Հայաստանի տնտեսությանն անուղղակի սուբսիդավորմամբ։ Վերջիվերջո, չմոռանանք, որ տարբեր բնական ռեսուրսների բավականին արտոնյալ մատակարարումները, Ռուսաստանի կողմից ցուցաբերվող օգնությունը շատ նշանակալի ներդրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է, եւ եթե կամենաք, կշարունակենք անել, այնպես որ, իհարկե, դժվար թե հնարավոր լինի համեմատել մեր փոխգործակցության մակարդակը, եւ մեր ներգրավվածությունն այս փոխգործակցությանը կապված է ամերիկացիների ներգրավվածության հետ»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն ինքնիշխան երկրներ են, «եւ նրանք ունեն իրենց ուղղությունները, որոնցում զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը, իսկ մենք՝ մեր ուղղություններով»։
Նշենք, որ նախօրեին Երեւանում գտնվող ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետության ղեկավարի նամակը, որում Բայդենը, մասնավորապես, խոստանում է համագործակցություն էներգետիկայի ոլորտում, դիվերսիֆիկացում եւ անվտանգություն:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ԿԵՑԱՎԱՅՐՈՎ
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով. «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին՝ հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը նախապես գույքագրել էր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գտնվող հյուրատները եւ հյուրանոցները, որտեղ մարդկանց առաջին իսկ դիմումով կարող են մարդկանց տեղավորել։
«Մենք այս երեք օրերի ընթացքում արդեն իսկ 2500-ից ավելի անձանց կեցավայրով ենք ապահովել։ Նրանցից մոտ հազարը տեղակայված են Սյունիքի տարբեր հյուրատներում եւ հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքի մարզում։ Եվ այս ժամերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում եւ հյուրանոցներում մարդկանց տեղակայումը։ Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ»,- ասաց Խաչատրյանը։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՐԻՔՆԵՐ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաեւ դեղերի եւ բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
«Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապեւտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել Առողջապահության նախարարություն»,- ասված է հայտարարության մեջ:
Ցանկացողները կարող են էլեկտրոնային նամակներ ուղարկել՝ նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:
Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, նախարարությունից նրանց հետ կապ կհաստատեն: