2023թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է հարձակվել իր վրա, ինչից հետո ինքը խողովակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին: Նույն օրը՝ ժամը 21:57-ին, հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ շտապօգնության խումբը Երևանի Կոնդի փողոց 37 տան մոտից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդու, ով որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու նախնական մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ դեպքի օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձի՝ Երևան քաղաքի 28-ամյա բնակչի և տուժողի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս, նախնական տվյալներով, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարձակվել է երիտասարդի վրա։
Վերջինս, ի պատասխան, գետնից վերցրել է երկաթյա խողովակ և հարվածել տուժողի գլխին և մարմնին, ինչի հետևանքով տղամարդը վայր է ընկել, որից հետո փորձել է ոտքի կագնել, սակայն երիտասարդը ոտքով հրել է վերջինիս և նա կրկին ընկել է գետնին:
Դեպքից անմիջապես հետո երիտասարդը զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Նախաքննության ընթացքում վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մատնացույց է արել դեպքի վայրը, ներկայացրել՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մանրամասներ: Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա խողովակը, տուժողի մոտ եղած դանակը, կատարվել են նմուշառումներ:
Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստոևաբաժանմանը տրվել է հանձնարարություն: