Հայաստանում նախատեսվում է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերանայել և թարմացնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թ.-ը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը: Փոփոխություններն առաջարկվել են՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը և 2022 թ. դեկտեմբերին մշակված Հայաստանի էներգահամակարգի 2024-2050 թթ. նվազագույն ծախսերով զարգացման պլանի արդյունքները՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մեծացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները, ինչը հնարավորություն կտա ապահովել նվազագույն ծախսերով էներգիայի արտադրությունը, ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու մրցունակությունը և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և կախվածությունը ներմուծվող էներգիայի աղբյուրներից։ Նախատեսվում է նաև վերանայել արևային կայանների կառուցման Ռազմավարությամբ սահմանված հզորության սահմանաչափերը և սահմանել նոր հզորության սահմանաչափ էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցային պայմաններով գործող արևային կայանների համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, փոփոխությունների առաջին հանգամանքն այն է, որ 2022 թ. էներգետիկայում արդեն իսկ ներդրվել և անցում է կատարվել ազատ շուկայավարման կանոններով կարգավորումներին: «Սա էականորեն փոխել է իրավիճակը, մասնավորապես՝ մենք հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, ինչ ծավալներով որ նախատեսվում էր Ռազմավարությունում և ծրագրում։ Երկրորդ հիմնական միտումը վերականգնվող էներգետիկայի ուղղությունների, մասնավորապես՝ արևային ֆոտովոլտային կայանքների ձևավորման և շահագործման հանձնվելու տեմպերն են։ Այս տեմպերը հուսադրող են և ավելի մեծ և հնարավորություն են տալիս որոշակի ցուցանիշներ վերանայել՝ բարելավման տրամաբանությամբ»,-նշել է փոխնախարարը։

Ըստ այդմ՝ նոր ցուցանիշ է ամրագրվում. մինչև 2040 թվականը վերականգնվող էներգետիկայի հզորությունը նախատեսվում է առնվազն հասցնել 2000 ՄՎտ-ի։ Արդյունքում՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թ.-ին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50 տոկոսի, իսկ մինչև 2040 թվականը՝ շուրջ 60 տոկոսի։

«Սրանցից զատ՝ կա մի կարևոր հանգամանք, որը բերում է Ռազմավարության մեջ ամրագրված ցուցանիշների փոփոխությանը. դա կուտակիչ կայանների հետ համակցումն է: Մենք մինչև հիմա արևային կայաններն ունեինք միանգամից ցանցի մուտքով և ուղիղ դեպի սպառում գնալու տրամաբանությամբ, ինչը տեխնոլոգիապես բավականին սահմանափակում էր հնարավորությունները: Հիմա արդեն կապված և՛ գնային փոփոխությունների, և՛ տեխնոլոգիաների ավելի հասանելի և մատչելի դառնալու պարագայի հետ, ինչպես նաև ազատ շուկայական համակարգը ներդնելու պարագայում հոսքերը կառավարելու հնարավորության ընձեռնման հետ՝ այդ կուտակիչների ներդրման առումով նույնպես հնարավորություն է տալիս ավելի դրական սպասումներ ունենալ»,- նշել է Վաչե Տերտերյանը։

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում են էներգետիկայի, գազամատակարարման, ջերմամատակարարման մասին նոր օրենքների նախագծեր, որոնք անհրաժեշտ են նաև միջազգային ընդհանուր գործընթացում առկա պայմանավորվածությունների և հանձնառությունների առումով:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախատեսված ցուցանիշներին հասնելու առումով ընդգծել է տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումների անհրաժեշտությունը և այդ համատեքստում կարևորել համապատասխան օրենսդրական փոփոխությունների ընդունումը: «Կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ընթացակարգերով այդ փաթեթը քննարկել: Այն առավելությունը, որ ունենք ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման համար, էապես կբարձրանա, եթե այս օրենսդրական փոփոխությունները շուտ կյանքի կոչվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունենալու են նպաստող, խթանող նշանակություն»,-ասել է փոխվարչապետը:




Լրահոս