Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ ընտրություններին պատրաստվելու ժամանակը չէ, և բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն ռուսական ագրեսիայի դեմ պաշտպանական կարիքներին։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ այժմ պատերազմի ժամանակ է։ Կան բազմաթիվ մարտահրավերներ և բացարձակապես անպատասխանատու է ինչ-որ կերպ նախընտրական թեման հասարակության մեջ գցել», – ասել է Զելենսկին իր ուղերձում։
«Ես կարծում եմ, որ հիմա ընտրությունների ժամանակը չէ։ Իսկ եթե պետք է վերջ տալ այս կամ այն քաղաքական վեճին և շարունակել աշխատել միասնական, ապա պետությունն ունի կառույցներ, որոնք ի վիճակի են վերջ դնել դրան և հասարակությանը տալ բոլոր անհրաժեշտ պատասխանները, որպեսզի տեղ չմնա Ուկրաինայի դեմ ուրիշի խաղի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։