Հոկտեմբերի 30-ին Արագածոտնի պարեկները Արագածոտն գյուղի խաչմերուկում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի Ջրառատ գյուղի 20 և 28 տարեկան երկու բնակչի, իսկ 28-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մեքենայի բեռնախցիկի տուփում հայտնաբերվել է կանեփանման զանգված: 20-ամյա երիտասարդը հայտնել է, որ թմրանյութն իրենն է:
Նույն օրը Արագածոտնի պարեկները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Աշտարակի Վանի Հերոսների փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Աշտարակի 54-ամյա մի բնակչի: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 1-ին զննություն է կատարվել նրա տանը և մեքենայում: Տնից իրավապահները հայտնաբերել են 400 գրամ, իսկ մեքենայում՝ 10 գրամ կանեփանման զանգված: Աշտարակցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է: Կանեփն ինքն է աճեցրել:
Նոյեմբերի 1-ին Աշտարակի համայնքային ոստիկաններն ու Արագածոտնի պարեկները ճանապարհային ոստիկանության նախկին անշարժ հենակետի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է կանեփանման զանգված:
Նոյեմբերի 2-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ճանապարհին լուսային անսարքության համար կանգնեցրել են Պարտիզակ գյուղի 29-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»: Մեքենայից դուրս գալիս երիտասարդը գրպանից թղթե փաթեթ է նետել: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի վայրի զննություն է կատարվել: Հայտնաբերված փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված կար:
Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: