«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի ընտրությունը բոյկոտելու, մանդատները վերցնելու եւ ավագանիում իրենց առաջիկա քայլերի մասին զրուցել է ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, «Ազգային առաջընթաց»-ը բոյկոտեց քաղաքապետի ընտրությունների ավագանու նիստը, որպեսզի արտահերթ ընտրությունների ճանապարհով գնաք, սակայն այդպես էլ Ձեր պայքարն ու բոյկոտը որեւէ արդյունք չտվեց: Ի վերջո, իշխանության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, ընտրվեց քաղաքապետ: Չե՞ք կարծում, որ ձեր բոյկոտն ու քայլերը անիմաստ էին եւ որեւէ արդյունք չտվեցին, եւ պետք էր այլ մեխանիզմներ մտածել:
-Չեմ կարծում, որ անիմաստ էին. որ արդյունք չտվեցին, չէր նշանակում, որ քայլն անիմաստ էր, մենք շատ հստակ ու հրապարակային ենք արել քայլերը: Դա մեր վերջին քայլն էր, որովհետեւ կար հնարավորություն, պարզապես այդ հնարավորությունից ընդդիմադիր երրորդ ուժը չօգտվեց, այսինքն՝ այստեղ մեր մեղավորությունը կամ ձախողումը չէր, եւ դա, կարծում եմ, մեր ընտրողներին, հանրությանը պարզ էր, եւ ամեն ինչ արվում էր հանրային ձեւով: Քանի որ հավաքական ընդդիմությունը ուներ ավելի շատ ձայն, քան իշխանական թեւը, մենք առաջարկել էինք առաջին տարբերակը, որ չգնան եւ չապահովեն քվորում: Այդ կոչին ոչ բոլորը հետեւեցին եւ գնացին, եւ մենք դրա մասին տեղյակ լինել չէինք կարող, հետեւաբար մենք սպասել էինք զարգացումներին եւ տեսանք արդյունքը: Կարծում եմ՝ մեր քայլերը տրամաբանական են եղել:
-Ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ «Հանրային ձայն»-ը, սլաքները դեպի ձեզ է ուղղում, մասնավորապես՝ Հայկ Մարությանին՝ ասելով, որ իրենք ի սկզբանե կողմ են եղել գնալ եւ կողմ քվեարկել նրա օգտին, բայց նա որեւէ կերպ չի արձագանքել, քննարկումների չի եկել, չկողմնորոշված էր: Չե՞ք կարծում, որ հենց այս ամենն էր պատճառը, որ, ի վերջո, ձեզ չհաջողվեց Հայկ Մարությանի թեկնածության շուրջ կոնսենսուսի գալ:
-Դա ոչ թե իրենց կամ մեր գնահատականն է, այլ փաստ է, որ իրենք անհրաժեշտ երկու ձայն չունեին, որոնք մենք ի սկզբանե կարծում էինք, որ ընդդիմությունը ունի հավաքական ձայն, քանի որ երկու հոգի ֆիզիկապես չէին կարողանալու ներկա լինել ավագանու ընտրություններին այդ օրը, հետեւաբար անիմաստ էր նույնիսկ այդ խոսակցությունը, որ եթե բոլորով ձայն տանք մեր թեկնածուին, ապա նա կդառնա քաղաքապետ: Մենք դա իմացանք ավելի ուշ, քանի որ մենք կարծում էինք, որ առաջին եւ երկրորդ համարները կհրաժարվեն մանդատից, եւ նոր անձինք կփոխարինեն նրանց՝ ըստ հերթականության: Դա տեղի չունեցավ սեպտեմբերի 28-ին. դա վերջին օրն էր, երբ կարող էին մանդատից հրաժարվել: Հայտնի դարձավ, որ բոլոր խոսակցությունները փուչ էին:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԶԲԱՂՎԵԼՈՒ Է ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Միջազգային գործընկերներիս հետ գրավոր եւ բանավոր հաղորդակցությունների ժամանակ շարունակում եմ բարձրացնել հայ գերիների խնդիրը՝ հիշեցնելով, որ 2020թ.-ից սկսած՝ մինչ օրս, Ադրբեջանը Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին տարբեր իրավիճակներում գերեվարում է:
Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով թե՛ միջազգային իրավունքի սկզբունքները, թե՛ ստանձնած միջազգային պարտավորությունները, շարունակում է Բաքվի բանտերում պահել հարյուրավոր ռազմագերիների եւ ապօրինաբար առեւանգված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց։
Միջազգային գործընկերներիս ուղղված գրություններում շեշտել եմ, որ, օրինակ, Վագիֆ Խաչատրյանին հասցեագրվող մեղադրանքները՝ արցախյան առաջին պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունների վերաբերյալ, ամբողջովին կեղծ են, եւ խնդրել եմ առարկայական ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին եւ մեր մյուս հայրենակիցներին Բաքվի բանտերից դուրս բերելու եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Շարունակելու եմ մշտապես զբաղվել գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցով այնքան ժամանակ, քանի դեռ հարցն իր արդարացի եւ ամբողջական լուծումը չի գտել։
Բոլոր իմ գործընկերներին հիշեցնում եմ, որ քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ գործուն պատժամիջոցներ չեն կիրառվել, նա շարունակում է նորանոր հանցանքներ գործել»:
ՊԵՏՔ Է ԱՄԱՉԻ
Ֆրանսիայի հասցեին այս անգամ բավականին կոշտ է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում եւ անարդարություն» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ Նա Ֆրանսիային հորդորել է ամաչել, քանի որ արյունալի հանցագործություններով հարուստ պատմություն ունի:
«Այսօր այստեղ ներկայացված որոշ անհատներ ենթարկվում են ճնշման եւ խտրականության, տարբեր ձեւերով ռասիստական հարձակումների: Ֆրանսիայի կառավարությունը, որը պետք է պայքարի երկրի ներսում նման անհանգստացնող եւ վտանգավոր միտումների դեմ, փորձում է այլ պետությունների դասախոսություններ կարդալ, միջամտել ներքին գործերին: Մալիից, Նիգերից եւ Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի վերջին դուրսբերումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Աֆրիկայում անխիղճ նեոգաղութատիրության Ֆրանսիայի քաղաքականությունը դատապարտված է ձախողման:
Ֆրանսիան, որը պետք է ամաչի իր գաղութային պատմության համար, որը հարուստ է արյունալի հանցագործություններով, եւ կատարած վայրագությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, խոսում են այլ երկրների ֆիկտիվ էթնիկ զտումների մասին»,- նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Վերջում Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Ֆրանսիայում տեսնում են համատարած ռասիզմ եւ իսլամաֆոբիա:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔՊ-Ն ՊԱՍԻՎԱՑԵԼ Է
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն մեկ ամսից ավել է՝ կուսակցական հավաքներ չի անցկացնում, մինչդեռ մինչեւ Արցախի կորուստը իշխող ուժը ամենշաբաթյա ռեժիմով՝ երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին, վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր էր անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Այսպիսով, ՔՊ-ն վերջին անգամ վարչության նիստ արել է ավագանու ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, որի ընթացքում քննարկվել էին ավագանու ընտրություններում կրած պարտության պատճառները, իսկ նախաձեռնող խմբի նիստ՝ օգոստոսի 3-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊԿ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ ինչու վարչության եւ նախաձեռնող խմբի նիստերը չեն կայանում: «Աշխատանքային քննարկումներ ենք ունեցել բազմաթիվ, պայմանավորված է նաեւ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Ինչպես գիտեք, հատկապես մեր գործադիրի անդամները մեծ ծանրաբեռնվածություն ունեն՝ կապված ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հումանիտար կարիքները հոգալու հետ: Սրան զուգահեռ՝ կուսակցության տարածքային կառույցներում թե՛ խորհրդի, թե՛ նախաձեռնող խմբի նիստեր լինում են»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ վարչության անդամների հանդիպում նախատեսվում է՝ հաշվի առնելով, որ վերջինս նոր է վերադարձել տարբեր երկրներում հանդիպումներից:
«Վարչապետի հետ հանդիպումները կրում են սիստեմատիկ բնույթ, պարբերաբար տեղի են ունենում։ Այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չկա նշանակված, բայց դրանք հաճախակի բնույթ են կրում»,- ասաց Ալեքսանյանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԿՈՐՈՇԵՆ
Հայաստանը Իրանից ստացել է «3+3» ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման հրավեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Գիտեք, որ հնարավոր հանդիպումը պետք է տեղի ունենա Թեհրանում, եւ մենք իրանական կողմից ստացել ենք հրավեր։ Այս պահին իրանական կողմի մեր գործընկերների հետ քննարկումներ են տեղի ունենում, եւ երբ վերջանական որոշում կլինի, այդ մասին կհայտարարվի»,- ասաց Կոստանյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երեւանը պատրաստ է այդ ձեւաչափով հանդիպումներին: