Ֆրանսիան ողջունում է ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը»,- ասված է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՄԱԿ իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագրի ի պահ հանձնման արարողությունը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը վավերագրի բնօրինակը ներկայացրել է ՄԱԿ միջազգային պայմանագրերի բաժանմունքի տնօրենին՝ Հռոմի կանոնադրության ավանդապահ հանդիսացող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից այն ի պահ ընդունելու նպատակով։

Վավերագրի բնօրինակը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով վերջնականացվել է Հռոմի կանոնադրությանը միանալու իրավական գործընթացը, որի արդյունքում Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ անդամը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել էր Հռոմի ստատուտը:




Լրահոս