Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ եկել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու ՔՊ-ական պատգամավորների հարցերին: Գո՞հ է արդյոք Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի աշխատանքից, ի՞նչ կարեւոր բացահայտումներ է հանձնաժողովն արել: Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Սամվել Բաբայանի հետ:
-Պարո’ն Բաբայան, դուք հանձնաժողովի ձեւավորվելուց հետո, որպես արտախորհրդարանական ուժ մասնակցում էիք դրա աշխատանքներին, հետո ասացիք, որ խաղի կանոնները չեն պահպանվում եւ դուրս եկաք հանձնաժողովից: Հիմա ի՞նչ է փոխվել, որ մասնակցում եք դրա աշխատանքներին:
-Հիմա այն է փոխվել, որ ընդդիմությունը ասել է, որ պարոն Բաբայանը չպետք է լինի հանձնաժողովում՝ որպես անդամ, այլ պետք է պատասխան տա արածների համար. ինձ հրավիրել են, եկել եմ՝ պատասխանելու:
-Այսինքն, ըստ ձեզ, հիմա խաղի կանոնները պահպանվու՞մ են: Հանձնաժողովի աշխատանքները դեկտեմբերի 3-ից ավարտվում են, բայց այդպես էլ որեւէ բացահայտում չկա:
-Ես այստեղ պատասխանատու չեմ, այդ հանձնաժողովի ղեկավար չեմ։ Պահպանում է, թե չի պահպանում, տեղյակ չեմ:
-Գո՞հ եք դրա աշխատանքից:
-Ինձ ուղղված հարցերից գոհ եմ:
-Պարո՛ն Բաբայան, ինչ եկել եք Հայաստան, հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին:
-Ո՛չ, չեմ հանդիպել:
-Ձեզ հաճախ տեսնում են իշխանական պատգամավորների հետ:
-Այո՛, կարող եմ պատգամավորների հետ հանդիպել:
-Առաջարկ չի՞ եղել հանդիպելու, հարցեր քննարկելու:
-Ո՛չ, նման բան չի եղել:
Հավելենք նաեւ, որ դեկտեմբերի 3-ին արդեն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը, ուստի Սամվել Բաբայանը վերջին հրավիրյալն էր:
Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը