«ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ պատերազմի օրերին եւ դրանից հետո կազմակերպվում էին մի շարք պաշտպանական միջոցառումներ՝ «Գմբեթ» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր, կազմակերպվելու են վարժական հավաքներ, դասընթացներ եւ այլն։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Գմբեթ 1»-ի կառուցումից հետո սկսվել էր հաջորդի կառուցումը, եւ այն կառույցները, որոնք պատրաստվում են դառնալ «Գմբեթ 2», արժեն 2 հազար 300 դոլար: Այս նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ էր 92 հազար դոլար, որը փորձում էին հավաքել տարբեր միջոցներով՝ նվիրատվությունից մինչեւ մակուլատուրա թղթերի հանձնում, որից կուտակված գումարը ուղղվելու էր ծրագրի ֆինանսավորմանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «ՈՄԱ»-ն դադարեցրել է իր ծրագրերի, մասնավորապես՝ «Գմբեթ»-ի կառուցումը: Ստացվում է՝ հավաքված գումարները անհայտ ճակատագրի են արժանացել: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «ՈՄԱ» ՀԿ-ի հետ՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել. ««Գմբեթ»-ի հետ կապված՝ արդեն երկու օր է՝ աշխատանքներ չեն ընթանում եղանակային պայմանների վատթարացման պատճառով. ձյուն է եկել, այդ իսկ պատճառով էլ հնարավոր չի եղել շարունակել աշխատանքները: Հետագայում միանշանակ վերսկսվելու են աշխատանքները: Նույնիսկ տրակտորի հետ ենք խնդիր ունեցել, քանի որ ճանապարհները անանցանելի են եղել: Տեղեկությունը, թե «ՈՄԱ»-ն դրամահավաք է արել եւ աշխատանքը կիսատ թողել, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին միայն «Գմբեթ»-ի աշխատանքներն են կանգ առել, մեր մնացած ծրագրերը՝ դասընթացները, շարունակվում են, որոնց համար եւս դրամահավաք է եղել: Միայն «Գմբեթ»-ի համար չի եղել այդ դրամահավաքը»: Իսկ ո՞վ է վերահսկում փաստացի ռազմականացված կառույցի կամ կազմակերպության գործունեությունը: «ՈՄԱ»-ի դրամահավաքների, նախագծերի ու դասընթացների վերահսկողության մասով «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, եւ «ՈՄԱ» հասարակական կազմակերպությունը «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում։ «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ-2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարությանն ուղղված դիմում, առաջարկ չի եղել: 2023թ. օգոստոսին ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով: ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունն աջակցել է Տ. Շահինյանին՝ «Բաղրամյան» զորավարժադաշտում տրամադրելով համապատասխան տարածք: Տ. Շահինյանը պատրաստել է կրակակետը՝ օգտագործելով 3.5մ տրամագծով 1 հատ մեծ եւ 27 հատ փոքր անվադողեր, 15-20 հատ կոճափայտ (երկաթգծի փայտե շպալ), 15-20 հատ հողակիր պարկ: Բոլոր միջոցները եղել են նախկինում օգտագործված, եւ դրանց ձեռք բերման համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվել:
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչ այդ՝ 2010-2018 թվականներին, Զեյնալյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։ Բժշկի՝ երկար տարիների կարիերայի ընթացքում համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 1 անհատական բնակելի տուն, 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Անհատական բնակելի տունը 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում։ Բնակարանները ձեռք են բերվել 2016 եւ 2017 թվականներին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում։ Զեյնալյանը հայտարարագրել է 2014 թվականին ձեռք բերված մեկ տրանսպորտային միջոց՝ 2006 թվականի արտադրության, Mercedes-Benz մակնիշի մեքենա։ Զեյնալյանը 2021 թվականին ձեռք է բերել «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի բաժնեմասը, տվյալ տարվա վերջում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքների արժեքը կազմել է 676 հազար դրամ։ Զեյնալյանի բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 20 մլն 715 հազար դրամ, որը տարեվերջին զրոյացել է։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 102 հազար դրամ եւ 1100 ԱՄՆ դոլար։ Զեյնալյանի կրիպտոարժույթները կազմել են 200 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 734 հազար դրամ։ Եկամուտներից 9 մլն 485 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 24 հազար դրամը շահաբաժին է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ից, քանի որ, ինչպես նշված է հայտարարագրում, Զեյնալյանը բաժնեմաս ունի նշված բանկում։ Զեյնալյանը այլ եկամուտներ ստացել է ID Bank-ից եւ «Ինեկոբանկ»-ից։ Պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 890 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, եւ հենց այս պատճառով է, որ Զեյնալյանը ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 510 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, նա մտերմություն է անում Լենա Նազարյանի ու Մարիա Կարապետյանի հետ: Թիմի մյուս անդամների հետ միայն «բարեւ, ոնց ես»-ի մակարդակի են շփումները, թեեւ կոնֆլիկտ էլ չունի որեւէ մեկի հետ: Կուսակցական նիստերին ու քննարկումներին էլ հազվադեպ է մասնակցում, մասնակցելիս էլ շատ պասիվ է: Թե որն է պատճառը, ՔՊ-ականները չգիտեն, բայց այն բանից հետո, երբ այս տարեսկզբին իր կամքով հրաժարվեց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այլեւս կուսակցական ակտիվություն էլ չի դրսեւորում: Նկատենք, որ Էդուարդ Աղաջանյանը պասիվ է նաեւ ԱԺ-ում եւ հազվադեպ է ելույթներ ունենում:
Երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես դադարեցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները։ Մեզ հասած սեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում խոսակցություններ կան, որ քաղաքական իշխանությունները քննարկել են Դավիթ Խաչատուրյանի փոխարեն ԲԴԽ տանել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Ավելի ուշ քննարկվել է փաստաբաններից մեկի թեկնածությունը, որը եւս վերջնական չէ։ Ասել է թե՝ քաղաքական իշխանությունները ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ են։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհուրդը քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Արդեն կար ներքին որոշում ընտրել Դավիթ Խաչատուրյանին։