ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ներկայում ԵՄ-ն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների հզորացման վրա:
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը հստակորեն տեսնում է մեզ հետ աշխատելու օգուտները, և պատրաստ ենք դրականորեն պատասխանել դրանց: Որպես այս համագործակցության քայլ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր համաձայնել է ուժեղացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը և ընդլայնել դրա կազմը` 138-ից հասցնելով 209-ի: Սա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է։ Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական պահ կա: Սա կարևոր հնարավորություն է, և մենք հանձնառու ենք շարունակել աջակցել այդ ջանքերին՝ աշխատելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- ասել է նա: