Ռոմանոս Պետրոսյանը՝ արտահերթ ընտրությունների գնալու և ընդդիմադիր համայնքապետերից ազատվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն է:

-Պարո՛ն Պետրոսյան, մենք գրել էինք, որ ժամանակին ՔՊ-ի և «Բալասանյան դաշինք»-ի միջև համագործակցության հուշագիր կնքելու և համատեղ իշխանություն ձևավորելու գործընթացը դուք եք համակարգել, դուք եք բանակցությունները վարել ու պայմանավորվածություն ձեռք բերել, որ դաշինքը կայանա: Ընդամենը օրեր առաջ, այդ դաշինքը, լուծարվեց, ինչու՞:

-Բանակցությունները վարել է մեր կուսակցության վարչության նախորդ նախագահը՝ Սուրեն Պապիկյանը, «Բալասանյան դաշինք»-ի հետ մեր քաղաքական համագործակցության պաշտոնապես մեծ մասը տրվել է հենց այդ բանակցությունների հիման վրա՝ երկուստեք արված հայտարարությունների և հուշագրի ստորագրմամբ: Ես բանակցություններ չեմ վարել:

-Տպավորություն է, որ ՔՊ-ն որոշել է ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից, ովքեր ՔՊ անդամ չեն, ինչպես Ալավերդիում եղավ վերջերս, հիմա նույնը որոշել եք կրկնել Գյումրիում, հաջորդը՝ Գորիսն է: Ավելին, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց Նիկոլ Փաշինյանն է այդ որոշումը կայացրել, որ պետք է հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր ընդդիմադիր համայնքապետերին հեռացնել և բոլոր համայնքներում իշխանություն վերցնել:

-Բնավ, այդպիսի որոշում չկա, ես սա պաշտոնապես եմ ասում: Ալավերդիում լրիվ այլ իրավիճակ է, Գյումրիում՝ տրամագծորեն այլ: Եթե Ալավերդիում պարզապես ավագանու մանդատ ստացած գործիչները վերախմբավորվեցին և արդյունքում ընտրեցին ՔՊ-ի ներկայացուցիչին՝ որպես համայնքի ղեկավար, ապա Գյումրիում, ընդհակառակը, հուշագրով համատեղ կառավարում ստանձնած ձևաչափից ՔՊ-ն հրաժարվեց և անցավ դասական ընդդիմադիր դաշտ և ընդդիմադիրի մանդատով է շարունակելու իր գործունեությունը Գյումրիում: Այսինքն, այդ համայնքներում տրամագծորեն այլ գործընթացներ են տեղի ունեցել, բայց երկուսն էլ քաղաքական առողջ գործընթացներ են, դա այլակարծության, ժողովրդավարության գործիքակազմեր են, որոնք կիրառել է ՔՊ-ն:Գյումրիի ավագանու մեր ֆրակցիայի ղեկավարը Քնարիկ Հարությունյանը և երկու փոխքաղաքապետերը՝ ՔՊ մանդատով նշանակված և հրաժարական ներկայացված մամուլի ասուլիսով են հանդես եկել, և սպառիչ պատասխաններ են տվել: Ինչ վերաբերվում նրան, որ վարչապետն հրահանգ է տվել ազատվել ընդդիմադիր համայնքապետերից, հստակ ասում եմ՝ չկա նման բան, վարչության նախագահը՝ նույն ինքը վարչապետը, նման խնդիր չի դրել, դա դեմ է մեր քաղաքականությանը և ժողովրդավարության սկզբունքներին:

-Պարո՛ն Պետրոսյան, վերջին շրջանում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ ՔՊ-ն արտահերթ ընտրությունների է պատրաստվում, և սա է պատճառը, որ որոշել եք ազատվել ընդդիմադիր համայնքապետերից, որպեսզի հետո խնդիրներ չունենք, ավելին՝ հենց սրա համար էլ վերջին շրջանում կուսակցությունը պարբերաբար փակ հանդիպումներ է ունենում՝ թե՛ վարչության կազմով, թե՛ մարզային ակտիվի հետ:

-ՔՊ-ն արտահերթ ընտրությունների այս պահին չի պատրաստվում, մենք պարզապես ինստիտուցիոնալ կուսակցաշինության գործընթաց ենք սկել: Վարչութան նախագահն էլ՝ վարչության անդամների հետ, պարբերաբար այցելում են մարզեր, տարբեր ձևաչափերով շփումներ են ունենում տարածքային խորհուրդների, կառույցների և կուսակցականների հետ: Դրանով և՛ գաղափարաբանական հարցեր ենք շոշափում, և՛ ուղիղ կապ ենք պահպանում վարչության և կուսակցականների միջև, ինչպես նաև կուսակցաշինության գործընթացի շրջանակներում գաղափարական արժեհամակարգային բաղադրիչն ենք ամրացնում մեր կուսակցությունում: Այս մասին վարչության նախագահը նաև Իջևանում կայացած վերջին մարզային հանդիպմանն ասել է, ոմանք ասում են, թե սա արտահերթ ընտրությունների գնալու քայլ է, բայց նման բան չկա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս