Դեկտեմբերի 13-ին 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում: Հայրենադարձված գերիների թվում էր նաև 44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանում գերեվարված Արսեն Արայիկի Վարդանյանը:
Արսեն Վարդանյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում, որտեղ նրան մեղադրանք էր առաջադրվել 318.2-րդ հոդվածով, այն է՝ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը», և 228.3-րդ հոդվածով՝ «կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում»: Մեղադրանքի համար դատարանի դատավորը նրան դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Ըստ դատավորի կայացված որոշման՝ Արսենը և նրա հետ գերեվարվածները պատիժը կրելուց հետո պետք էր լքեին Ադրբեջանի տարածքը:
Արսեն Վարդանյանը ծննդով Շիրակ մարզի Անի գյուղից է:
Նանիկ Աղասյան