Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց կողմից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ և այդպիսիք գործադրելու սպառնալիքով խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ միջամտելու դեպքի հանգամանքները։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից 2023թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտե ստացվել են հաղորդումներ և դրան կից փաստաթղթեր, համաձայն որոնց՝ 2023թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 1240-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այդ ամենի ընթացքում պարեկային ծառայողները և ազգային պարկի աշխատակիցները նրանց հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ենթարկվել իրենց օրինական պահանջներին։ Սակայն նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:
Նույնաբովանդակ հաղորդում է ստացվել նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Հաշվի առնելով, որ ստացված փաստական տվյալները պարունակում են առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց կողմից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ և այդպիսիք գործադրելու սպառնալիքով խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ միջամտելու առերևույթ հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն։
Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել թվով 26 անձ։ Որոշումներ են կայացվել վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց ամբողջական շրջանակը պարզելու, անձանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատական տալու նպատակով։