Երևանի Նորագավիթ թաղամասում աշխարհում կիսափակ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ամենամեծ ջերմոցային համալիրը, իր վառ լուսավորությամբ առաջացրել է քաղաքացիների բողոքը: Նրանք բողոքում են՝ ասելով՝ լույսերը ուժեղ են, ինչը դառնում է ճառագայթման պատճառ:
ArmLur.am-ը 2 օր շարունակ փորձեց կապ հաստատել «Սպայկա» ընկերության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Շրջակա միջավայրի նախարարությունն այդպես էլ չկարողացավ տրամադրել համապատասխան մասնագետի հեռախոսահամար, ով կկարողանար պատասխանել մեր հարցերին: Իսկ Առողջապահության նախարարությունից մեզ պատասխանեցին․ «Չենք կարծում առողջապահության նախարարության մասով այստեղ որևէ հարց կա»:
Հիշեցնենք, որ 2014 թվականին «Սպայկա» ընկերությունը Արարատի մարզի Շահումյան համայնքում հիմնել էր տարածաշրջանի ամենամեծ ջերմոցային համալիրը՝ 50 հեկտար, իսկ 2017 թվականին շահագործման էր հանձնել Հանրապետությունում ամենամեծ սածիլանոցը՝ 5 հեկտար մակերեսով:
Ինչպես նաև 2018թ.- ին հիմնել էր Երևանի Նորագավիթ թաղամասում աշխարհում կիսափակ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ամենամեծ ջերմոցային համալիրը՝ 50 հեկտար մակերեսով և 800 աշխատատեղերով։
Էմմա Մարտիրոսյան