Մինչ մեկնարկում է վարժական հավաքների նոր փուլը, 40-ից ավելի քաղաքացի դատվում է հավաքներից խուսափելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ պաշտպանության նախարարությունը նոր վարժական հավաքների մասին է հայտարարում, մի խումբ քաղաքացիներ վարժական հավաքներից խուսափելու համար դատարանի դռներն են ընկել:

Այսօր ՊՆ-ն հայտնել է, որ 2024-ի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակով:

Ուշագրավ այն է, որ մինչ ՊՆ-ն նոր հայտարարություն է անում, վարժական հավաքներից խուսափոխների թիվը դատարանում օր օրի ավելանում է:

2023 թվականի մայիսի 26-ին ՀՀ Քննչական կմոիտեն պաշտոնական տվյալներ էր ներկայացրել վարժական հավաքներից խուսափող անձանց դեմ հարուցված քրեական գործերով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։

Ուսումնասիրության համաձայն՝ վարժական հավաքների անցկացման սկզբից ի վեր՝ 2022-2023 թվականների ընթացքում, ՀՀ ՔԿ քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերևույթ դեպքերի առթիվ ընդհանուր 160 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Նշված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ։ 24 անձի վերաբերյալ քրեական վարույթներ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ Նշված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, և գործերն ուղարկվել դատարան: Քրեական վարույթների մի մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է:

Ավելին, ArmLur.am-ը պարբերաբար անդրադառնում է վարժական հավաքներից խուսափողների նկատմամբ հարուցված քրեական գործերին:

Գրել էինք, որ 2023 թվականին վարժական հավաքներից խուսափելու համար շուրջ 40 անձի վերաբերյալ քրեական գործեր են ուղարկվել դատարան եւ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Ըստ քրեկան օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասի՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Քնար Մանուկյան




Լրահոս