Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության տարեկան հաշվետվության համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելը) քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ ներկայացվել է 747 կալանքի միջնորդություն։
Ներկայացված միջնորդություններից 717-ը բավարարվել է ամբողջությամբ, 4-ը՝ մասնակի, իսկ 26-ը՝ մերժվել։
Բացի այդ, նույն հոդվածներով մեղադրվող անձանց մասով խափանման միջոց կալանքը փոխվել կամ վերացվել է 638 անձի նկատմամբ։
Համեմատության համար՝ 2024 թվականին այս հոդվածներով ներկայացվել էր 961 կալանքի միջնորդություն, որոնցից 936-ը բավարարվել էր ամբողջությամբ։ Տվյալները վկայում են, որ նշված կատեգորիայի գործերով կալանքի կիրառման և դրա պահպանման ցուցանիշները 2025 թվականին նվազել են։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի մայիսի 26-ին ՀՀ Քննչական կմիտեն պաշտոնական տվյալներ էր ներկայացրել վարժական հավաքներից խուսափող անձանց դեմ հարուցված քրեական գործերով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։
Ուսումնասիրության համաձայն՝ վարժական հավաքների անցկացման սկզբից ի վեր՝ 2022-2023 թվականների ընթացքում, ՀՀ ՔԿ քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերևույթ դեպքերի առթիվ ընդհանուր 160 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Նշված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ։ 24 անձի վերաբերյալ քրեական վարույթներ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ Նշված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, և գործերն ուղարկվել դատարան:
Ավելին, ArmLur.am-ը պարբերաբար անդրադառնում է վարժական հավաքներից խուսափողների նկատմամբ հարուցված քրեական գործերին:
Գրել էինք, որ 2023 թվականին վարժական հավաքներից խուսափելու համար շուրջ 40 անձի վերաբերյալ քրեական գործեր են ուղարկվել դատարան եւ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Ըստ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի առաջին մասի՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ա․ Վարդանյան

























































































