Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացնելու հրեական պետության ցանկությունը։ Այդ խնդիրը, նրա խոսքով, իսրայելական կողմի համար մնում է անփոփոխ։
«Այս գիշեր ես խոսեցի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ: Մենք անդրադարձանք պատերազմի հետ կապված վերջին զարգացումներին, այդ թվում՝ պատերազմի բոլոր նպատակներին հասնելու Իսրայելի հանձնառությանը. ՀԱՄԱՍ-ի վերացում, մեր բոլոր պատանդների ազատ արձակում և խոստում, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար»,- ասել է նա կարճ տեսաուղերձում, որը տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը։
Միաժամանակ Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը, իր նպատակներին հասնելու ճանապարհին, մտադիր է «միաժամանակ անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել» Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը։