Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է. ՔԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 27-ամյա բնակիչն իր 29-ամյա ընկերոջ հետ ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը չպարզված անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակների թմրամիջոցներ ձեռք բերելու շուրջ։

2024 թվականի հունվարի 10-ին, 27-ամյա երիտասարդի կողմից վարած «CHRYSLER PT CRUISER» մակնիշի ավտոմեքենայով նրանք Երևան քաղաքից ուղևորվել են Մեղրի քաղաք: Հաջորդ օրը՝ հունվարի 11-ին, Իրանի՝ ինքնությունը չպարզված քաղաքացու կողմից մատնանշված՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանին հարակից ճանապարհահատվածում, վերջինս պետական սահմանի վրայով, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում, նրանց է փոխանցել 4598,58 գրամ «Մեթամֆետամին», 489,12 գրամ «Ափիոն», 198,01 գրամ, «Հերոին» և 5401,92 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Երիտասարդները, դրանք, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել, տեղավորել ավտոմեքենայի սրահում, ապօրինի պահել և տեղափոխել, որը նույն օրը, ավտոմեքենայի խուզարկությամբ, հայտնաբերվել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին և նրա ընկերոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Հիշյալ երիտասարդների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը չպարզված անձի կողմից մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ ապօրինի տեղափոխելու և նշված մեղադրյալներին իրացնելու մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս