ԻՆՉ ԿՈՐՈՇԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, փաստաբանական համայնքը մայիսի 21-ին գործադուլ էր հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Փաստաբանները պահանջում են Ազգային ժողովից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետեւանքով՝ փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ՝ վճարվելու է նաեւ շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է:
Նկատենք, որ այս նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ երկուշաբթի օրը քվեարկվելու է երկրորդ ընթերցմամբ:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Փաստաբանների պալատի փաստաբան Արմինե Ֆանյանի հետ:
-Տիկի՛ն, Ֆանյան նախագիծը այսօր առաջին ընթերցմամբ անցավ, սակայն փաստաբաններին հնարավորություն տվեցին հանդիպել նախագծի հեղինակների հետ Ազգային ժողովում՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են փոփոխության ենթարկել խնդրահարույց կետերը: Ի՞նչ քննարկվեց եւ ովքե՞ր էին ներկա:

-Ներկա էր Նոտարական պալատի ներկայացուցիչը, տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ, Հարկային մարմնից կային ներկայացուիչներ: Քննարկվեցին մեր կողմից բարձրացված հարցերը, մենք մեր մտահոգությունները եւս մեկ անգամ ներկայացրինք, քանի որ որքան ուսումնասիրում ենք, այնքան ավելի մեծ խնդիրներ ենք հայտնաբերում: Ըստ էության, պատրաստակամություն հայտնեցին՝ ներքին քննարկման ընթացքում եւս մեկ անգամ անդրադառնալու բարձրացված հարցերին եւ տեսնելու՝ արդյոք կոնսենսուսային որեւէ տարբերակ կարող են գտնել, թե ոչ:
-Ազգային ժողով Փաստաբանների պալատից ովքե՞ր են գնացել:
-Ներկա էին Փաստաբանների պալատի նախագահը, տեղակալը եւ Հանրային պաշտպանի գրասենյակի նախագահ Գեւորգ Մկրտչյանը:
-Իսկ Ազգային ժողովի ներկայացուցիչներն ովքե՞ր էին:
-Պարոն Թունյանն էր եւ հարկային մարմնից ու նոտարական պալատից կային ներկայացուցիչներ, քանի որ այդ նախագիծը նաեւ իրենց է վերաբերում: Ինչպես նաեւ ներկա էին տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ, ում բեռն այս նախագծով նույնպես ավելանում է: Հանդիպման ընթացքում ներկայացվել են խնդրահարույց հարցերը, հնչել են հարցադրումներ, որոնց սպառիչ կերպով պատասխանել ենք: Պատրաստակամություն են հայտնել ներքին քննարկման շրջանակներում անդրադառնալու այդ հարցերին եւ փորձելու կոնսենսուսային տարբերակներ գտնել, եթե հարկ համարեն:
-Նկատառմանը, որ նախագծի ընդունման հետեւանքով անպաշտպան են մնալու ՀՀ շարքային քաղաքացիները, բարձրաձայնվե՞ց:
-Այո՛, իհարկե, սակայն հեղինակներն ու նախագծի ընդունմամբ շահագրգռված անձինք ընդունում են, որ այդ խնդիրը կա, սակայն խնդիրը, կարծես, միայն մեզ է հուզում, քանի որ այդ նկատառման վրայից պետությունը շատ սահուն անցում է կատարում: Միայն փաստաբաններին է հուզում այն հարցը, որ քաղաքացու հարկային բեռը ավելացվելու է:
-Դուք հանդիպումից որեւէ սպասելիք ունե՞ք, առ այն, որ փաստաբանների մասով այդ կետը դուրս կգա:
-Ես անձնապես որեւէ սպասելիք չունեմ: Իմ տպավորությամբ՝ շատ կառուցողական քննարկում են ուզում անել, որովհետեւ մտահոգիչ է այն, ինչ ասում ենք, բայց իմ անձնական տպավորությունն այնպիսին է, որ ոչինչ չի փոխվելու, եւ պետության նպատակը փաստաբաններին ավելացված արժեքի հարկի դաշտ տեղափոխելն է: Պետությանը բաձարձակ չի հուզում, որ քաղաքացու իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը տուժելու է:
-Ո՞րն է լինելու բփաստաբանների հաջորդ քայլը:
-Դեռեւս քննարկում չի եղել: Առաջիկայում ակումբի նիստ կհրավիրենք եւ կհասկանանք մեր անելիքները:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

ԴԻՐՔԵՐԻ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ
Այդ տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը. Դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին,թ ե արդյոք Տավուշում սահմանազատումից հետո դիրքերի փոփոխություն եղել է, թե ոչ:
«Վերջին շրջանում չափից ավելի բաց, չափից ավելի թափանցիկ ենք աշխատում: Նախկինում եթե դժգոհում էիօն ինֆորմացիայի ոչ օպերատիվ տեղ հասնելուց, հիմա այդ խնդիրն էլ չկաԲոլոր տեսակի տվյալները տրամադրվում են, հանրությունը դրա մասին իրազեկվում է:
Դա հանդիսանում է սահմանապահների ծառայության վայր: Երրորդ բանակային կորպուսը գոյություն ունի: Բնականաբար, իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահներն՝ իրենց»,-ասաց նա եւ հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների մյուս հարցերին:

ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն ԱԺ-ում անդրադառնալով սահմանների դելիմիտացիայի թեմային, բավականին վտանգավոր հայտարարություն է արել:
Վերջինս անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ըմբռնում կա, որ Հայաստան-Ադրբեջան ողջ սահմանն է ճշգրտվելու նախապես հայտարարված 1976 թվականի քարտեզներով, թե այս պահին համաձայնությունը միայն Տավուշի մասով է, նշել է, որ 1976 թ-ի քարտեզը այս պահին ֆիքսված է միայն այս հատվածի սահմանազատման համար, հաջորդ հատվածների համար քննարկվում է։
Հիմա արդեն առավել քան պարզ է, թե ինչու էր իշխանությունը դելիմիտացիայի տրամաբանությանը դեմ գնում առանց ողջ սահմանի մասին համաձայնության տեղային սահմանային ճշգրտումներ սկսում:
Իհարկե խիստ չափազանցություն է այս գործընթացին սահմանային ճշգրտում անվանելը, սակայն սա գալիս է հաստատելու այն մտահոգությունը, որ Ադրբեջանը կոնկրետ գյուղերի մասով պահանջ է ներկայացրել, իսկ ՀՀ իշխանությունը դրանք միակողմանի զիջել է:
Երկրորդ, ստացվում է, որ Ադրբեջանը դելիմիտացիայի գործընթացին մոտենում է ընտրողաբար սահմանային տարբեր ուղղությունների մասով տարբերակված մոտեցում է ցուցաբերում` ըստ իր առաջնահերթությունների:
Երրորդ, իմ մոտ առավել ամրապնդվում է այն համոզմունքը, որ Ադրբեջանն ունի կոնկրետ տարածքային պահանջներ դրանց` փաշինյանական իշխանության բավարարումից հետո, գործընթացը տապալելու է:
Հետանքն այն է լինելու, որ Ադրբեջանը դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ խաղաղ ճանապարհով զիջումներ է կորզելու, սակայն դրանով ոչ միայն ՀՀ-ի անվտանգությունն ու կենսունակությունն է խիստ խոցելի դառնալու, այլ պատերազմի թեման բաց է մնալու կամ փոխանցվելու է հաջորդ սերունդներին:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ՄԱՍԻՆ
ՔՊ-ականները փորձում են համոզել, որ բան չմնաց երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է? մինչդեռ Ադրբեջանը հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու։
Այս մասին գրառում է արել ադրբեջանագետ Տաթիկ Հայրապետյանը։
«ՔՊ-ական իշխանամերձ վերլուծական մի ամբողջ համայնք լծված է համոզելու, որ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է։ Շատ հավանական է, որ հենց նոյեմբերին էլ կնքվի, պնդում են հույսի վաճառական-շառլատանները։
Մինչդեռ Ադրբեջանն այնքան պարզ տեքստով ու հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու, ամեն հաջորդ կատարված երազանքից հետո նորն է դեմ տալու, մի անգամ կասի Խոջալուի թեմա, մյուս անգամ սահմանադրության հարց կբարձրացնի, մեկ այլ առիթով Սյունիքով արտատարածքային միջանցք կուզի ու այդպես շարունակ։
Չէ՞ որ այդ պետության նպատակն է հասնել Հայաստանի չգոյությանը կամ առնվազն ոչ կենսունակ հայկական պետության ձավորմանը։ Հենց դրան էլ տանում է «խաղաղության պայմանագրի» ուղին՝ քայլ-քայլ, մաս-մաս… իսկ մենք կարող ենք շարունակել ինքներս մեզ խաբել ու հավատալ, որ հեսա մի հրաշք թուղթ կլինի, որ մեզ բոլոր խնդիրներից կազատի…», – գրել է նա:

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Ալին ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ ՀՀ-ում այնպիսի իշխանություն է, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել ամեն ինչ։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Կա՞ որէ մեկը, որ դեռ չի հասկանում պարզ փաստը, որ Ալին ընդամենը անհնար է դարձնում ՀՀ քաղաքացիների կողմից Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկելը, երբ հայտարարում է դրա մասին՝ որպես խաղաղության նախապայման:
Ոչ թե ներքին քննարկումների ժամանակ է Նիկոլից պահանջում, որ նա հնարավորինս անաղմուկ ու հարթ առաջ տանի փոփոխությունը, այլ հրապարակային հայտարարում է:
Կա՞ որէ մեկը, որ դեռ չի հասկանում, որ Ալին ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այնպիսի իշխանություն է, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել ամեն ինչ (օրինակ, նոր տարածքներ) չպահանջել ոչինչ (օրինակ, գերիների վերադարձը)»,-գրել է նա:




Լրահոս