Օրեր առաջ 4 քաղաքական ուժ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» եւ «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկով դիմել են ԱԺ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայով զրուցել է «Հայաստանի եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ:
-Օրեր առաջ մի քանի քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» եւ Ձեր ղեկավարած՝ «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները համատեղ դիմում են ներկայացրել իշխանություններին՝ հանրաքվեի դնելու ԵՄ-ին անդամակցելու հարցը: Սա ի՞նչ գործընթաց է իրենից ենթադրում, ի՞նչ փուլեր պետք է իրար հաջորդեն եւ իշխանությունից ի՞նչ արձագանք կա:
-Սա պարզապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջն է: Ըստ Սահմանադրության 205-րդ հոդվածի՝ որեւէ վերպետական կառույցի Հայաստանի Հանրապետությունը կարող է անդամակցել միայն հանրաքվեի արդյունքում: Մենք հիմա անդամակցում ենք մի քանի վերպետական կառույցների, որոնց անդամակցումը հանրաքվեի արդյունք չի եղել: Այդ կառույցներից են ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ինչը, կարծում եմ, Սահմանադրության կոպիտ խախտում է: Մենք պետք է սովորենք ապրել ըստ օրենքի, առնվազն՝ ըստ Սահմանադրության. դա բավարար է: Այստեղ, բնականաբար, կան քաղաքական, քաղաքակրթական, աշխարհաքաղաքական եւ Հայաստանի դեպքում՝ առաջին հերթին անվտանգային հիմնահարցեր, որոնց լուծումը, իմ խորին համոզմամբ, պետք է տրվի հենց Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին: Համենայնդեպս այդպիսին է «Հայաստանի եվրոպական» կուսակցության քաղաքական ծրագիրը եւ հիմա մենք տեսնում ենք, որ այս ծրագիրը դառնում է պետական քաղաքականություն:
-Պարո՛ն Խզմալյան, հաշվի առնելով մյուս երկրների փորձը, օրինակ՝ հենց Թուրքիայի, մենք տեսնում ենք, որ այս գործընթացը բավականին երկար է տեւում: Արդյոք կա՞ երաշխիք, որ ժամանակ եւ ռեսուրս ներդնելու դեպքում՝ մենք տարիներ անց հստակ արդյունք կունենանք, քանի որ Եվրամիությունից էլ հստակ արձագանք այս հարցում չի եղել:
-Ես չեմ կարող համաձայնել Ձեր արած համեմատության հետ, քանի որ Թուրքիային ԵՄ կազմում չընդունելու հիմնական պատճառը հենց Հայաստանն է:
-Նկատի ունենք գործընթացը, որը բավականին երկարատեւ է:
-Այստեղ հարցը գործընթացը չէ: Թուրքիան շատ հստակ պատասխան է ստացել այն մասին, որ Եվրամիության անդամ չի դառնալու, եւ հիմնական պատճառներից մեկը հենց Հայոց Մեծ Եղեռնի իրողությունն է. դա քաղաքակրթական արժեհամակարգի տարբերություն է, իսկ Եվրոպան, ԵՄ-ն, ոչ թե քրիստոնեական ակումբ է, ինչպես ասում են թուրքերը, այլ արժեհամակարգով միավորված երկրների միություն է:
Ինչ վերաբերում է ԵՄ արձագանքին, ապա անցյալ ամիս Եվրախորհրդարանում տեղի է ունեցել հատուկ նիստ, որի ընթացքում հենց այս հարցի շուրջ 504-ը 4-ի ձայների հարաբերակցությամբ քվեարկվել է հարցը. անգամ Ուկրաինայի դեպքում նման աջակցություն չի եղել:
-Երեկ նման քննարկում էր նաեւ ԱԺ-ում, եւ կարծես նույնիսկ իշխանական պատգամավորների շրջանում է դա սակարկելի:
-Մենք զգացինք, որ չկա կոնսենսուս, բայց մենք դիմում ենք Հայաստանի ժողովրդին, իսկ դրանք նրանց անձնական կարծիքներն են: Վերջերս ով ասես խոսում է ժողովրդի անունից՝ իշխանությունը, ընդդիմությունը, եկեղեցին, օտարերկրյա գործակալները. ես կարծում եմ, որ այս ամենը պետք է լուծում ստանա, իսկ լուծումը հանրաքվեն է. դա ժողովրդի կամարտահայտման բարձրագույն ձեւն է:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ
«Այս բռնաճնշումների ալիքը ասոցացվում է ՀՅԴ-ի հետ. ինձ համար չափազանց արտասովոր է, երբ անձին հարցաքննելիս քննիչը հարցնում է՝ կուսակցակա՞ն ես», – այս մասին երեկ՝ հունիսի 18-ին՝ ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Ինձ համար անհասկանալի է, երբ անձի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվում եւ գրվում է՝ ՀՅԴ անդամ: Այն պայմաններում, երբ այդ մարդը ՀՅԴ անդամ չէ: Կոնկրետ մի դրվագով մենք նախապես հայտարարել ենք, որ ցուցմունք չենք տալու, ու հետո որոշում ենք ցուցմունք տալ, անձը հայտարարում է, որ ես ընդհանրապես կուսակցական չեմ, ՀՅԴ անդամ չեմ. եւ սա միակ դեպքն է, որ այդ անձի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելքի եւ գրավի խափանման միջոց: Հիմնավոր կասկածը բացակայում է»,- ասաց նա:
Եփրիկյանի խոսքով, ՀՅԴ-ի դեմ բռնաճնշումները ակնհայտ երեւում են. «Կարելի է ցանկացած հանցակազմի երկրորդ մասը որակյալ հանցակազմ սարքել, եթե ՀՅԴ-ական ես: Եթե գողություն ես արել, նորմալ է, բայց եթե դաշնակցական ես ու գողություն ես արել, արդեն ծանրացնող հանգամանք է: Այսօր կալանքների, տնային կալանքների մեծ մասը կիրառվում է երկու պարագայում, որ կա՛մ ՀՅԴ-ական ես, կա՛մ արցախցի ես: Այս մարդիկ պրոբլեմ ունեն ՀՅԴ-ի ու արցախցիների հետ. եթե մարդն արցախցի դաշնակցական է, իրեն ի՞նչ են անելու»:
Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ այս ամենը շարունակվելու է, քանի որ «անձը, որը շուրջ 20 տարի փրփուրը բերանին փորձել է ապացուցել, որ ոստիկանությունը 10 մարդ է սպանել, եւ կամ այն մարդիկ, որոնք մարտի 1-ը անընդհատ շահարկում են ԱԺ ամբիոնից, հայտարարում են՝ ոստիկանության աշխատողը դեռ մի բան էլ դրվատելի արարք է արել, ի՞նչ պատժելու մասին է խոսքը: Այսինքն՝ Փաշինյանը քարտ-բլանշ է տալիս ոստիկանությանը, ասում է՝ գործեք, եթե իմ աթոռի համար եք ջարդում-փշրում, սպանում, ինչ ուզում եք՝ արեք»,- հայտարարեց Վահե Եփրիկյանը:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲԱԶԱՆԻ ՄԱՍՈՎ «ԳՈՐԾ» Է ԳՏԵԼ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը իրավապահների եւ իշխանական թեւի կողմից ենթարկվում է տարբեր ճնշումների, հաճախ նաեւ սպառնալիքների ՀՀ գլխավոր` ԱԺ ամբիոնից. դրանք արվում են շարժումը մարման տանելու նպատակով։
Մասնավորապես՝ իրավապահ համակարգի ներկայացուցինչները ճնշման գործիք համարում են քրեական գործերը, որով կարող են լռեցնել շարժման մասնակիցներին, սակայն հաճախ դա անօգուտ է դառնում, քանի որ հստակ գործեր գտնելը դառնում է անհնար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Բագրատ Սրբազանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները, կարծես, գտել են Բագրատ Սրբազանի կենասգրությունում թիրախային կետեր, որոնց արդյունքում կարող են Բագրատ Սրբազանի վրա քրեական գործել «կարել»։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի եւ Տավուշի թեմի համագործակցության արդյունքում ստեղծված Գետահովիտի հոգեւոր-վերականգնողական կենտրոնի մասին, որի ստեղծման հիմքում հենց Բագրատ Սրբազանն է:
Ըստ մեր աղբյուրների՝ իշխանություններն այս հանգամանքը փորձում են խեղաթյուրել՝ Բագրատ Սրբազանին վերագրելով այն հանգամանը, որ «դրսից» գումարներ է բերել բարեգործության անվան տակ ու այն մսխել է: Նույնիսկ բարերարին են գտել, կապ հաստատել հետը, որ կարողանան, իբրեւ թե հիմքեր գտնել: Կարճ ասած՝ մեղադրում են փողերի լվացման մեջ։ Իշխանությունների ներսում այս հարցը թեժ քննարկվել է, ու վերջիններս պատրաստվում են հայտարարել, թե շենքը չի կառուցվել պատշաճ, այն ժամանակ առ ժամանակ է գործում, սակայն իրական պատմությունը բոլորովին այլ է: Գետահովիտի հոգեւոր-վերականգնողական կենտրոնը կառուցված է գյուղի բարձունքում, աշխատում է պատշաճ եւ ունի լիարժեք կառուցված նոր մասնաշենքեր։
Նախկին ՊՆ շենքը ոչ պետության, այլ հովանավորների միջոցով դարձել է հոգեւոր-վերականգնողական կենտրոն, սակայն իշխանություններն անգամ ցեխ են շպրտում դրական գործերի վրա. բայց, թե առաջիկայում ինչ զարգացումներ կլինեն, դեռեւս վաղ է ասել, սակայն փաստ է, որ իշխանությունները լծված են Բագրատ սրբազանի «չեզոքացման» աշխատանքի ուղղությամբ: