WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել Մեծ Բրիտանիայի բանտից։ Նա երկրից մեկնել է ինքնաթիռով և վերադարձել տուն՝ Ավստրալիա:
WikiLeaks-ի հաղորդմամբ, Ասանժը լքել է Բելմարշի խիստ ռեժիմի բանտը 1901 օր այնտեղ անցկացնելուց հետո։
«Ավելի քան հինգ տարի անցկացրած երկու-երեք մետր երկարությամբ խցում՝ օրը 23 ժամ մեկուսացման մեջ, նա շուտով կմիավորվի իր կնոջ՝ Ստելլա Ասանժի և երեխաների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ազատ արձակվելուց մի քանի ժամ առաջ հայտնի է դարձել, որ WikiLeaks-ի հիմնադիրը պատրաստվում է մասամբ ընդունել մեղքը։ Հավանական է, որ Ասանժի համաձայնություն է թույլ է տվել նրան ազատ արձակել:
«Մենք ակնկալում ենք, որ մեղադրյալն իրեն մեղավոր կճանաչի Միացյալ Նահանգների ազգային պաշտպանությանն առնչվող գաղտնի տեղեկատվություն ապօրինի կերպով ձեռք բերելու և տարածելու դավադրության համար»,- ասված է ԱՄՆ դատախազ Շոն Անդերսոնի ստորագրած փաստաթղթում:
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել էր WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին այն բանից հետո, երբ Էկվադորը հրաժարվել էր նրան ապաստան տրամադրել իր դեսպանատանը: Ասանժը մեղադրվում է Միացյալ Նահանգների դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների գաղտնի հաղորդագրություններն իր հիմնադրած Wikileaks-ի կայքում հրապարկելու համար: