Բելառուսում մահապատժի է դատապարտվել Կարմիր խաչի գերմանացի բժիշկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի դատարանը մահապատժի է դատապարտել գերմանացի բժշկին, որը ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության և շահադիտական գործունեության մեջ: Այս մասին հաղորդում են իրավապաշտպանկազմակերպությունները:

30-ամյա Ռիկո Կրիգերը մեղավոր է ճանաչվել վեց հանցագործության մեջ հունիսին տեղի ունեցած փակ դատավարության արդյունքում, ասվում է Բելառուսի առաջատար ակտիվիստական կազմակերպություններից մեկի՝ «Վյասնայի» հայտարարության մեջ: Կազմակերպությունը հայտնել է, որ այժմ նրան մահապատժի են ենթարկելու:

Թե ինչն է հանգեցրել մեղադրանքին, մնում է անհասկանալի, և երկրի պետական լրատվական գործակալությունը իր զեկույցում մեղադրանքի մասին այլ մանրամասներ չի հրապարակել:

Բելառուսը Եվրոպայի վերջին և միակ երկիրն է, որտեղ դեռ մահապատիժ է իրականացվում։ Մինսկը պնդում է, որ այս պատիժը կիրառվում է առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության համար։

Գերմանիայի ԱԳՆ-ն հակիրճ հայտարարությամբ հաստատել է, որ Մինսկում իր երկրի քաղաքացին մահապատժի է դատապարտվել, սակայն Կրիգերի անունը չի նշել։

«Արտաքին գործերի նախարարությունը և Մինսկում դեսպանատունը նշված անձին ցուցաբերում են հյուպատոսական աջակցություն և ինտենսիվ աշխատում են Բելառուսի իշխանությունների հետ՝ ելնելով նրա շահերից»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ և ի հավելում նշվում, որ Գերմանիան մահապատիժը համարում է դաժան և անմարդկային պատժի ձև և պաշտպանում է դրա վերացումն ամբողջ աշխարհում։

Կրիգերի ենթադրյալ հանցագործությունները ներառում են շահադիտական գործունեություն, լրտեսություն, ահաբեկչություն, ծայրահեղական խմբավորման ստեղծում, հրազենի և պայթուցիկ նյութերի հետ անօրինական գործարքներ:

Հայտարարության մեջ ասվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Բելառուսում ինչ-որ մեկին դատապարում են մահվան շահադիտական գործունեության համար։

Մինսկի խումբը հայտնել է, որ Քրիգերը, ով աշխատում էր որպես բժիշկ գերմանական Կարմիր խաչում, կալանքի տակ էր 2023 թվականի նոյեմբերից:

Դատավարության մի մասն անցել է դռնփակ. «Վյասնա» գործակալությունը չի հայտնել՝ արդյոք Կրիգերը բողոքարկե՞լ է իր դատավճիռը և արդյո՞ք այն ուժի մեջ է մտել։

Կրիգերի՝ «Լինկեդին» սոցիալական ցանցի պրոֆիլում նշվում է, որ նա նախկինում աշխատել է Բեռլինում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ոլորտում՝ նախքան առողջապահական ոլորտ տեղափոխվելը, աշխատել է որպես բուժեղբայր, որը մասնագիտացած է շտապ բժշկության մեջ:

Ենթադրվում է, որ Կրիգերի դեմ մեղադրանքները կարող են կապված լինել Կաստուս Կալինովսկի գնդում նրա ենթադրյալ մասնակցության հետ. դա Բելառուսի քաղաքացիների մի խումբ է, ովքեր կամավոր կռվում են Ուկրաինայում Կիևի կողմից:

Դեռ պարզ չէ, թե ինչպես է Կրիգերը կապվում Կալինովսկու գնդի հետ։ Բելառուսական ընդդիմադիր լրատվամիջոցները ենթադրում էին, որ նա կարող է կապված լինել գնդի «Արևմտյան» գումարտակի հետ։




Լրահոս