ArmLur.am-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։
-Պարո՛ն Աղազարյան, ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջանորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ սեպտեմբերից վերսկսելու են հանրահավաքները և ակցիաները՝ իշխանության հեռացման պահանջով։
Ի՞նչ կասեք, մտավախություն չունե՞ք, որ այս անգամ շարժումը կհաջողի ու կհեռացնի Ձեր քաղաքական ուժին իշխանությունից։
-Ես մտավախություններ չունեմ, անհանգստություն ունեմ, որ փաստորեն մեզ մոտ ընդդիմությունը չի կայանում, բայց չեմ կարծում, որ իրենք ինչ-որ բանի կհասնեն, քանի որ իրենք խնդիրների լուծման մոտեցումներ չունեն։
Բագրատ Գալստանյանը լավագույն դեպքում սեպտեմբերին կարողանա համոզել, որ ազատվել է նախկին նախագահների առանցքի շուրջ հավաքաված անհատներից ու քաղաքական ուժերից և պատրաստվի 2026թ-ի ընտրություններին։ Այդ դեպքում հնարավոր է ԱԺ-ում խմբակցություն ունենա, եթե չկարողանա համոզել, դա էլ չի լինելու։
-Պարո՛ն Աղազարյան, բայց այսօր իշխանությունից դժգոհություններն էլ բավականին մեծ են՝թե՛ արտաքին քաղաքական մասով, թե՛ սոցիալական։ Հնարավո՞ր է այս անգամ ընդդիմությունը կարողանա կոնսոլիդացնել հանրության այդ դժգոհ զանգվածին։
-Իհարկե, դժգոհություններ կան, բայց այդ ուժերը չեն կարողանա կոնսոլիդացնել մարդկանց, միգուցե այլ ուժեր կարողանան։
-Ըստ Ձեզ, ո՞ր ուժը կարող է հասնել իշխանության հեռացմանը։
– Ես անհատների անուններ չեմ տա, հայ ժողովուրդը հո գլխատված չի՞, շատ կան քաղաքական ուժեր, որոնք ի զորու են կոնսոլիդացնել ժողովրդին ու գալ իշխանության, բայց հարցն այն է, որ դրա համար չկա քաղաքական հող։Ես քաղաքական դաշտում շատ այդպիսի անհատների եմ տեսնում, բայց նաև գիտեմ, որ իշխանափոխության համար քաղաքական հող չկա, ժողովրդի մեծամասնությունը մեր կողքին է։
-Իսկ հասարակության դժգոհ զանգվա՞ծը, որը բավականին մեծ մաս է կազմում։
– Էլի եմ ասում, կան դժգոհություններ մեր իշխանությունից, բայց եթե հարցում անենք՝ մեր ուժի վարկանիշը կլինի 17%, ընդդիմադիր շարժմանը՝ 2%, իսկ 17-ը 2-ից ինն անգամ շատ է։
Քրիստինա Մուշեղյան