Բաքուն արգելել է ԵԽԽՎ պատգամավորների մուտքն Ադրբեջան. վեհաժողովից դատապարտել են ավտոկրատ երկրի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն արգելել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորների մուտքը երկիր, որոնք ավելի վաղ դեմ են քվեարկել վեհաժողովի աշխատանքներին ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան ԵԽԽՎ անդամ Ֆրանկ Շվաբեի՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի։

Շվաբեն հարցազրույցում ասել է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Եվրախորհրդի անդամ, ապա պետք է հարգի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։ Բացի այդ, նա ասել է, որ Գերմանիան որոշ միջոցառումներ է նախատեսում COP29 կլիմայական համաժողովին ընդառաջ, որը կկայանա նոյեմբերին Բաքվում։

Հաջիզադեն քննադատել է Ֆրանկ Շվաբեին:

«Ինչ վերաբերում է Շվաբեի՝ COP29-ի շրջանակներում մեր երկիր այցելելու մտադրությանը, մենք նշում ենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկածները ներառվել են «անցանկալի անձանց» ցուցակում, եթե այդ անձինք ժամանեն Ադրբեջան, նրանց մուտքը երկիր չի թույլատրվելու»,- ասել է նա:

ԵԽԽՎ-ն հրաժարվել է վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները 2024 թվականի հունվարին։ Այս որոշումը, գրում է DW-ն, կայացվել է մարդու իրավունքների խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումների, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների գործողությունների և նախագահական ընտրություններին Եվրոպայի խորհրդի դիտորդներին հրավիրելուց հրաժարվելու պատճառով։ Բանաձևին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 76, ձեռնպահ՝ չորս պատգամավոր։

Ըստ ընթացակարգի՝ Բաքուն չի կարող մասնակցել ԵԽԽՎ-ի աշխատանքներին առնվազն մեկ տարի։ Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը կկարողանա վերսկսել աշխատանքը, եթե պահպանվեն կանոնակարգի պայմանները։ Խոսքն առաջին հերթին ԵԽԽՎ մոնիթորինգային առաքելություններ և դիտորդներ ընդունելու պարտավորությունների կատարման մասին է։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը քննադատել է ԵԽԽՎ որոշ պատգամավորների մուտքը երկիր արգելելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը։

«Սա ավելի քան ափսոսալի ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս դիրքորոշումը Եվրոպայի խորհրդում», – ասվում է Ռուսոպուլոսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Նա ասել է, որ անդամ երկրները հավատարիմ են ժողովրդավարական չափանիշներին. սև ցուցակում են ներառվել նրանք, ովքեր քվեարկել են իրենց խղճի համաձայն: Նախկինում Ադրբեջանն արգելել էր ԵԽԽՎ այն պատգամավորների մուտքը երկիր, ովքեր դեմ են քվեարկել այդ կազմակերպությանը պատվիրակության լիազորությունների վավերացմանը։




Լրահոս