ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալ Ա․Բ-ին հանձնուքի միջոցով թմրանյութ փոխանցել։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Ա․Բ․-ի անվամբ քաղաքացուհի Կ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։
Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից երեքի մեջ ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված, թմրանյութի նմանվող զանգվածներ։
Քաղաքացուհի Կ․Ս․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։