ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի՝ քրեական ենթամշակույթ կրող բնակիչ Ա․Թ.-ն, Վ․Դ․-ից տեղեկանալով մարտական ատրճանակ ձեռք բերելու հնարավորության մասին, վերջինիս դրդել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտ ձեռք բերել, փախադրել և իրեն իրացնել՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել և խոշոր չափի նյութական միջոցներ ստանալ նրանից։
Հիշյալ հրազենը և փամփուշտները ձեռք բերելու համար, 2024 թ․ օգոստոսի 25-ին կնոջից վերցնելով 600.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, հիշյալ հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Գ․Ա․-ի հետ, Վ․Դ․-ն, նույն օրը իր անձնական օգտագործման BMW մակնիշի ավտոմեքենայով, Գ․Ա․-ի հետ միասին մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Երևան-Սևան ավտոմայրուղուն գտնվող ռեստորանային և հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք են բերել՝ 600.000 ՀՀ դրամ գումարով գնել են ТТ տեսակի 7,62մմ /7,62×25/ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 2 պահեստատուփով, ինչպես նաև հիշյալ ատրճանակի համար նախատեսված 24 հատ փամփուշտ։
Նույն օրը դրանք փոխադրելով Վանաձոր քաղաք՝ ժամը 20:38-ի սահմաններում, Վ․Դ․-ն ժամանել է Ա․Թ․-ի՝ Երևանյան խճուղում գտնվող առանձնատան ավտոտնակ, որտեղ հիշյալ ատրճանակն առձեռն տրամադրել է վերջինիս, ով, չունենալով հրազեն կամ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու իրավունք, այն ապօրինի ձեռք է բերել և պահել իր մոտ: Վերջինիս կողմից զենքը ուսումնասիրելու ընթացքում, Ա․․Թ․-ն և Վ․Դ․-ն, նկատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով դեպքի վայր ժամանած՝ ՀՀ ԱԱԾ ծառայողներին, վերը նշված հանցանքը թաքցնելու նկատառումով, ՀՀ ԱԱԾ ծառայողների ներկայությամբ, հիշյալ հրազենը և դրա փամփուշտները նետել են հատակին, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ, իսկ հիշյալ անձինք, ավելի ուշ՝ նաև Գ․Ա․-ն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիման վրա, ձերբակալվել են։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Թ․-ի, Վ․Դ․,ի և Գ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վերջիններս կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։