Ազգային ժողովը 2022 թվականի դեկտեմբերին ընդունեց քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու նախագիծը, ըստ որի բոլոր հայաստանցիները 2025 թվականից պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը։
2023 թվականի համար պարտավոր էին հայտարարագիր ներկայացնել
ա) հանրային ծառայողները,
բ) այն անձինք, ովքեր բիզնեսով են զբաղվում՝ հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, փոքր և միջին բիզնեսը դեռ չի մտնում այս ցանկում,
գ) այն մարդիկ, ովքեր բանկում փոխառություններ ունեն, օրինակ հիփոթեքային վարկեր են վերցրել՝ 20 մլն դրամից ավելի։
Այս երեք խմբերն են 2024-ին 2023-ի համար հայտարարագիր ներկայացրել։
2024 թվականի համար պետք է 2025 թվականի հունվարի 1-ից հայտարարագիր ներկայացնեն բոլոր աշխատողները, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։
Ի՞նչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար։ ArmLur.am-ը ՀՀ Պետական եկամուտների կոմիտերի կայքից տեղեկանում է՝ կա 2 տարբերակ։
Տարբերակ առաջին
Բջջային հեռախոսի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝
- ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
- Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
- Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
- Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կայք։
Տարբերակ երկրորդ
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով, ինչի համար անհրաժեշտ է՝
- ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր:
- Ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ից։
- Այցելելով կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Անհրաժեշտ է ընդգծել, որ այժմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակները PIN և PUK ծածկագրեր չեն տրամադրում, անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան