Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ Միլի Մեջլիսի նախագահն անդրադարձել է օրերս Եվրախորհրդարանում ընդունված «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձին:
Սահիբա Գաֆարովայի խոսքով՝ դա Ադրբեջանի դեմ հերթական քաղաքական կողմնակալ ակցիան է, որը, նրա ձևակերպմամբ, կառուցված է զրպարտության, ստի ու կեղծ տեղեկատվության վրա։
«Ցավալի է, որ Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ թշնամական և զրպարտչական արշավ իրականացնող սև ուժերի գործիք է դարձել»,- հայտարարել է պաշտոնյան։
Նա հավելել է՝ Բաքուն մերժում է իր հասցեին հնչող իբր անհիմն և անհեթեթ մեղադրանքները, սպառնալիքներն ու պահանջները։
«Եվրախորհրդարանը ոչ միայն կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում մեր տարածաշրջանի պատմական և ներկայիս իրողությունների նկատմամբ, այլև մարտահրավեր է նետում մեր պետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Գաֆարովան։
Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանում Ադրբեջանի հարցով օրերս տեղի ունեցած լսումների ընթացքում մի շարք եվրապատգամավորներ մտահոգություն են հայտնել, որ կլիմայական համաժողովն անցկացվում է մի երկրում, որը բնապահպանական լուրջ խնդիրներ ունի, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա, հրաժարվում է խաղաղություն կնքել Հայաստանի հետ և հետևողականորեն փչացնում է Բաքու-Եվրամիություն հարաբերությունները: