Հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել Վրաստանի խորհրդարանի դիմաց, որտեղ այսօր կայանալու է նոր խորհրդարանի առաջին նիստը։
Երեկ երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի հարակից տարածքներում ոստիկանությունը և ներքին զորքերը հատուկ տեխնիկա և ուժեր էին կենտրոնացրել՝ ընդդիմադիր ուժերի ակցիան հսկողության տակ պահելու համար։
Նշենք, որ այսօր կայացավ Վրաստանի նոր խորհրդարանի անդրանիկ նիստը։
Երեկ ուշ երեկոյան Վրաստանում ընդդիմությունը վրաններ էր տեղադրել Ազգային ժողովի շենքի մոտ և գիշերել այնտեղ։
Օրեր առաջ Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ համալսարանի տարածքը ցուցարարների միայն առաջին կանգառն է, նրանք մտադիր են 24 ժամով փակել ուսումնական հաստատության հարակից փողոցները և ամենժամյա տեղեկատվական հայտարարություններ անել իրենց ապագա ծրագրերի մասին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:
Հիշեցնենք, որ իրավիճակը Վրաստանում լարվեց խորհրդարանական ընտրություններից հետո։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ շուրջ 54 տոկոս արդյունքով հաղթանակի մասին։ Ընդդիմությունը չի համաձայնել քվեարկության արդյունքների հետ, և հինգ տոկոսանոց շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցություն հայտարարել է նոր խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես հրաժարվել է ճանաչել պաշտոնական արդյունքները՝ Ռուսաստանին մեղադրելով ընտրություններին միջամտելու համար:
Այսօր Վրաստանի վարչապետի թեկնածու Կոբախիձեն հայտնել է կառավարության նոր կազմը: Առաջիկա ժամերին պատգամավորները պետք է վստահության քվե հայտնեն Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։ Կառավարության ձևավորումից հետո կանխատեսվում է, որ ընդդիմությունը կգնա կոշտ քայլերի և նույնիսկ դիմադրության՝ փորձելով ձախողել խորհրդարանի հետագա գործունեությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան